Apple-ը պաշտոնապես թողարկել է iOS 10-ը

Apple-ը պաշտոնապես թողարկել է iOS 10-ը

Իր ամենամյա WWDC կոնֆերանսին Apple ընկերությունը ի թիվս այլ նորությունների ներկայացրել է նաև iOS 10 ՕՀ-ը, որը ունի մի շարք նոր հնարավորություններ:

Նոր ՕՀ-ում հնարավոր է տեսնել բոլոր ծանուցումները 3D թաչ ֆունկցիայով: Ծանուցման վրա մի փոքր ավելի ուժեղ սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան, որտեղ կերևան ծանուցման մանրամասները:

Սմարթֆոնի վրա այժմ հնարավոր է առանց գաղտնաբառը հավաքելու միացնել տեսախցիկը` պարզապես մատը սահեցնելով դեպի աջ, իսկ դեպի ձախ սահեցնելու դեպքում հնարավոր է տեսնել բոլոր վիջեթները:

Siri-ն նույնպես թարմացվել է և այժմ ունի երրորդ կողմի հավելվածների ինտեգրման հնարավորություն, ինչպիսիք են WeChat-ը և այլն:

iOS 10-ը կարողանում է սովորել և հիշել տարբեր առարկաներ, ինչպես նաև օգտատիրոջ դեմքը և այլն: Սա շատ օգտակար է, օրինակ, եթե Դուք ցանկանում եք կազմել առանձին ֆոտոալբում Ձեր, Ձեր ընկերների և ընտանիքի անդամների լուսանկարներից, ապա iOS 10-ը կարող է անել դա ինքնուրույն, քանի որ հիշում է Ձեր մտերիմների դեմքերը: iOS 10-ը կարողանում է նաև ճանաչել տարբեր օբյեկտներ, որոնք առկա են Ձեր լուսանկարներում` ջուր, լեռներ, շինություններ և այլն, ինչը հետագայում հեշտացնում է կոնկրետ տեղում արված լուսանկարների որոնումն ալբոմներում:

Քարտեզների հետ աշխատող ծրագիրը նույնպես թարմացվել է և այժմ այն հիշում է, օրինակ, թե որտեղ եք Դուք աշխատում և կարող է առաջարկել Ձեզ մուտքագրել այդ ինֆորմացիան քարտեզի վրա հետագայում նավիգացիան հեշտացնելու նպատակով: Այս ամենից բացի այժմ Apple-ը թույլ է տալիս քարտեզային հավելվածին աշխատել երրորդ կողմի հավելվածների հետ, օրինակ` Uber և այլն:

HomeKit հավելվածը նույնպես թարմացվել է, և այժմ կարող եք այստեղ մուտքագրել Ձեր կողմից օգտագործվող այլ սարքերի ինֆորմացիան` Apple TV, iPad և այլն, ու կառավարել դրանք անմիջապես սմարթֆոնի օգնությամբ:

Ինչ վերաբերում է նամակների ուղարկման և ստացման ֆունկցիային, ապա այժմ դրանում էմոջիները դարձել են ավելի մեծ և տեքստի մեջ հնարավոր է ցանկացած բառ միանգամից փախարինել էմոջիով, պարզապես սեղմելով տվյալ բառի վրա և ընտրելով համապատասխան էմոջին:

Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր ՕՀ-ը այս տարվա սեպտեմբերին, իսկ ծրագրավորողների համար այն հասանելի կլինի հաջորդ ամսվանից:

Աղբյուրը` Tech Crunch

Բաժիններ: Ծրագրեր