Գյումրիի ներկան և ապագան պետք է կենտրոնացնել ՏՏ ոլորտի վրա

Գայանե Ղանդիլյան

Վերջին տարիներին Գյումրիում ակտիվացել է տեխնոլոգիական ոլորտը, ավելացել են ՏՏ ոլորտով հետաքրքրվող գյումրեցի երիտասարդների թիվը, ստեղծվում են նոր կազմակերպություններ են, իսկ երևանյան և միջազգային կազմակերպությունների համար Գյումրին դարձել է գրավիչ բիզնես վայր:

Գյումրիում կատարվող տեխնոլոգիական իրադարձությունների շուրջ ittrend.am-ը զրուցել է Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության oպերացիոն մենեջեր Գայանե Ղանդիլյանի հետ: Կազմակերպությունը դեռևս 3 տարի առաջ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ստեղծված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ մասին իմանալուց և Գյումրի այցելելուց հետո, միանգամից որոշեց թիմ հավաքել և գրասենյակը բացել այնտեղ:

– Ի՞նչ տեխնոլոգիական զարգացումներ են ընթանում Գյումրիում, ոլորտը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում:

– Տեխնոլոգիական կյանքը Գյումրիում զարգացման և ակտիվ վերելքի փուլում է: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմամբ հիմնադրվեցին մի շարք ՏՏ ընկերություններ, և մասնաճյուղեր բացվեցին Երևանում գործող խոշոր ՏՏ կազմակերպությունների կողմից: Բացի աշխատատեղերի ստեղծումից` շատ կարևորում եմ գյումրեցի երիտասարդների հետաքրքրության ավելացումը տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ և հույսը, որ ոլորտի շնորհիվ կարողանալու ենք նպաստել քաղաքի տնտեսական զարգացմանը, գործազրկության թվի կրճատմանը:

ԳՏԿ-ի գործունեության առաջին իսկ օրվանից Դիջիթըլ Փոմըգրանեթը եղել է Գյումրիում և բոլորս ձգտում էինք փոփոխության: Այսօր այդ փոփոխության առաջին բողբոջներն են տեսանելի, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու: Կարևորն այն է, որ քաղաքը ճիշտ ուղու վրա է, ինչքան էլ կարևորվի և անընդհատ նշվի մշակույթը և սպորտը, Գյումրիի ներկան և ապագան պետք է կենտրոնացնել հենց ՏՏ ոլորտի վրա:

Այս պահին ԳՏԿ-ում աշխատում են մոտ 200 գյումրեցիներ: Այս մարդկանց կյանքում և ընտանիքներում շատ բան է փոխվել դեպի դրականը, այդ թվում` ֆինանսական որոշակի կայունություն, հաճելի աշխատավայր, հույս ապագայի հանդեպ: Մոտ 1000 երեխաներ սովորում են Թումո Գյումրիում. այս երեխաների ընտանիքներում նույնպես արդեն զգացել են ՏՏ ոլորտի դրական ազդեցությունը Գյումրիում:

– Գյումրին եղել է մշակութային քաղաք, կարո՞ղ ենք ներկայիս զարգացումներից ելնելով ասել, որ արդեն Գյումրին տեխնոլոգիական քաղաք է:

– Եթե նույնիսկ դեռ տեխնոլոգիական քաղաք չէ, ապա գոնե այդպիսին դառնալու ճանապարհին է: Դեռ շատ անելիքներ ունենք, որ կարողանանք վստահաբար ասել, որ տարածաշրջանում տեխնոկենտրոն ենք: Սակայն համոզված եմ, որ այդ ուղու վրա ենք: Տեխնոքաղաքի գաղափարին լիարժեք համապատասխանելու համար Գյումրիում պետք է խթանել որակյալ ՏՏ կրթությունը, կադրեր ապահովել ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղի կազմակերպությունների համար: Անհրաժեշտ է շատ աշխատանքներ տանել ստարտափ ընկերություններ հիմնելու և ՏՏ ձեռնարկատիրության հմտություններ սովորեցնելու համար: Այժմ Գյումրիում կան սկսնակ ընկերություններ, սակայն պետք է նրանց օգնել և ուղղորդել բիզնեսում հաջողության հասնելու համար, որպեսզի կարողանան ավելի շատ աշխատակիցների ներգրավել ու մշակել սեփական պրոդուկտները:

– Ապագայի ի՞նչ ակնկալիքներ կան, գյումրեցիները դեռ ինչո՞վ կզարմացնեն տեխնոլոգիական աշխարհին:

– Չգիտեմ` դա ինչ կլինի, կլինի՞ արդյոք որևէ պրոդուկտ, որ կգրավի շուկան, կամ մի աննախադեպ ծառայություն, կամ որևէ գաղափար, որ մեծ ներդրումներ կբերի, չեմ կարող ասել, սակայն գյումրեցու ստեղծագործ միտքը և արարելու ցանկությունը միանշանակ մի օր կզարմացնի:

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը թողարկել է «Փլեյլենդ Արմենիա» առցանց խաղահրապարակն ամբողջ աշխարհի հայ երեխաների համար: Խաղը թույլ է տալիս սովորել հայոց լեզուն, մշակույթը և գաղափարները ու հաղորդահաղորդակցվել: Ավելի մանրամասն կարդացեք այստեղ և այստեղ: