Գյումրիի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Գյումրիի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի Ռոբոտաշինության խմբակը HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի աջակցությամբ համալրվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով: Ծրագիրն իրականացվել է կենտրոնում 2014թ. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից հիմնված Ռոբոտաշինության խմբակի բարելավման և ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման նախաձեռնության շրջանակում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչներ,  մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Վերապատրաստված խմբակավարների օգնությամբ դպրոցականներն այստեղ ձեռք կբերեն ժամանակակից ինժեներական կրթություն: Նրանք կսովորեն ծրագրավորում, ինժեներական հիմնական հմտություններ:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»  ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից (իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը»՝ 2008թ-ից): Միությունը ծրագրում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում՝ առաջնահերթությունը տալով  մարզերին և սահմանամերձ բնակավայրերին:

Հավելենք, որ ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ  Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն գերազանցել է 100-ը: