Տիֆանի Օբսեր. հայ ծրագրավորողները տաղանդավոր են

Տիֆանի Օբսեր. հայ ծրագրավորողները տաղանդավոր են
10989135_10101646502178237_4810770071303522040_n

Տիֆանի Օբսեր

«Շատ տպավորված եմ հայաստանյան ստարտափներով, նույնիսկ այն 2 օրվա ընթացքում, որ այստեղ եմ եղել, SeedStars-ի թիմերը շատ մեծ առաջընթաց են ցույց տվել»,- այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց SeedStars-ի ավագ փորձագետ Տիֆանի Օբսերն, ով այս օրերին Երևանում էր` որպես SeedStars միջազգային մրցույթի ժյուրիի անդամ: Նրա խոսքով` մրցույթի մասնակիցներն այնպիսի լուծումներ են առաջարկել, որոնք կարող են շատ լավ գործածվել։

Տիֆանին կարծում է, որ հայկական ՏՏ ոլորտի ներկայացուցիչները շատ ընկերասեր են ու առաջադեմ, բացի այդ` շատ աշխատասեր են ու նպատակասլաց, ինչը հրաշալի համադրություն է:

«Հայ մասնագետներն առանձնանում են ծրագրավորելու տաղանդով, բացի այդ` Հայաստանում մեծ հնարավորություն կա դուրս գալ այլ շուկաներ՝ կովկասյան տարածաշրջան, Ռուսաստան և այլն», - ասաց Seedstars-ի ավագ փորձագետը` հավելելով, որ հայկական սփյուռքը շատ մեծ է, ինչը ևս մեծ հնարավորություններ է բացում հայկական ստարտափների համար:

Տիֆանին նշեց նաև այն, որ հայ մասնագետները տիրապետում են ռուսերենին ու անգլերենին, ինչը ևս օգնում է հաջողության հասնել արտասահմանյան շուկաներում: Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա, Օբսերի խոսքով, Հայաստանն աստիճանաբար շատ գրավիչ է դառնում նրանց համար:

Հիշեցնենք, որ մրցույթի երևանյան փուլը կազմակերպել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Earlyone թիմը, որը Շվեյցարիայում կայանալիք միջազգային մրցույթին կներկայացնի Հայաստանը։ Թիմի ստեղծած պրոդուկտն ուղղված է հաճախորդների սպասարկման բարելավմանը։ Ներկայումս այն արդեն սպասարկում է հազարավոր հաճախորդների Հայաստանի տարբեր ընկերություններում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և մրցել 500,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ