Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հայաստանում

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հայաստանում

Հուլիսի 8-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, որի ազգային փուլը կազմակերպվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Արդեն իսկ առաջին տարում մրցույթին կմասնակցի Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։

Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։

Թիմերը նախ մրցելու են նախընտրական փուլերում, որից հետո կշարունակեն պայքարը եզրափակչում։ Հաղթած թիմը ստանալու է ուղեգիր դեպի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլ։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ) «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած դպրոցական միջազգային բազմաթիվ մրցույթներից մեկն է։ Մրցույթը նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ հնարավորություն՝ դպրոցում ռոբոտների և ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով ընդարձակելու իրենց մտահորիզոնը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հիանալի հարթակ է 21-րդ դարում արդիական գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու համար։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող նախագիծ է։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։

«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչ՝ «Այբ» կրթական հիմնադրամ: Բացառիկ հովանավոր՝ «Creative Educational Technologies» (CET) ընկերություն, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում։