Հայտնի են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ Հայաստանի փուլի հաղթողները

Հայտնի են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ Հայաստանի փուլի հաղթողները

Հուլիսի 8-ին առաջին անգամ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրեց ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան։ Արդեն իսկ առաջին տարում մրցույթին մասնակցեց Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ։

Մրցույթի ընթացքում թիմերը նախ փորձեցին իրենց ուժերը նախընտրական փուլերում, ապա մեկնարկեց եզրափակիչ փուլը։ Թեժ պայքարից հետո Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթող ճանաչվեց Arm Cyber Kids հավաքական թիմը, որը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու այնտեղ Հայաստանը։

Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ազգային փուլի ընթացքում ռոբոտներն օգնեցին երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեցին անպիտան աղբն ու լցրին աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեցին նմանատիպ այլ առաջադրանքներ:

IMG_2453

«Այս մրցույթով «Այբ» հիմնադրամը փորձում է հնարավորինս շատ հայ երեխաների բերել ռոբոտիկայի աշխարհ։ Այն հնարավորություն է տալիս աշակերտներին առաջին քայլերն անելու ռոբոտաշինության և ճարտարագիտության մեջ, բացահայտելու իրենց ներուժն այդ ոլորտներում։ Ռոբոտիկան նոր սերնդի մոտ այսօրվա ու վաղվա մարտահրավերներն ընդունելու և դրանք հաղթահարելու գործում շահադրդման գերազանց ճանապարհ է»,- բացման խոսքում նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ) «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած դպրոցական միջազգային բազմաթիվ մրցույթներից մեկն է։ Մրցույթը նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ հնարավորություն՝ դպրոցում ռոբոտների և ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով ընդարձակելու իրենց մտահորիզոնը։

IMG_2483

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հիանալի հարթակ է 21-րդ դարում արդիական գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու համար։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող նախագիծ է։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։

«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչ՝ «Այբ» կրթական հիմնադրամ: Բացառիկ հովանավոր՝ «Creative Educational Technologies» (CET) ընկերություն, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում։