Կկայանա առաջին հայկական 360 աստիճան ֆիլմի ցուցադրությունը

«Technology and Science Dynamics» ընկերությունը 13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային ֆիլմերի փառատոնի շրջանակում ներկայացնելու է Հայաստանում ստեղծված առաջին եռաչափ ֆիլմը։ Այն մշակվել և պատրաստվել է ընկերության «Immersive Education Solutions» նախագծի շրջանակում։ «Մեր 360 աստիճան տարածական ֆիլմերը պատրաստվում են դպրոցական ուսուցողական նյութերի հիման վրա և կոչված են օժանդակելու կրթական գործընթացներին։ Ֆիլմերի դիտման համար անհրաժեշտ են հատուկ «կինոթատրոններ»՝ պլանետարիումներ։ Գտնվելով պլանետարիումի ներսում՝ հանդիսատեսը հայտնվում է իրադարձությունների կիզակետում և իր անմիջական մասնակցությունն է ունենում ֆիլմում ներկյացվող նյութին։ Մեր մասնագետների մշակած ուսուցողական ֆիլմերի բովանդակությունը ձևավորվում է աստղագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, և անգամ պատմություն առարկաների շրջանակներում»,-նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Առաջին ֆիլմի մասին՝ «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը»

Աստղային երկինքը հիացրել է անգամ քարանձավում ապրող մարդկանց: Բայց իր ողջ պատմության ընթացքում մարդկությունը չի կարողացել պատկերացնել աշխարհն այնպես, ինչպիսին այն իրականում է: Գիտության և տեխնոլոգիաների արագընթաց զարգացման շնորհիվ տիեզերքի գաղտնիքների բացահայտման ճանապարհին մենք առաջ ենք անցել մեր նախորդներից, սակայն մենք էլ դեռևս շատ հեռու ենք այդ ճանապարհի ավարտից: «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» ֆիլմը դիտողներին առաջարկում է ճամփորդել դեպի անցյալ և մոտենալ ներկայիս մարդկանց՝ տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ: