inno4health-ի հաղթող նախագիծը թույլ կտա առցանց պարզել առողջական խնդիրն ու խորհրդակցել բժշկի հետ

Օրերս անցկացված inno4health նորարար գաղափարների մրցույթում հաղթող էր ճանաչվել Սաթենիկ Գրիգորյանի թիմը, որը ներկայացրել էր պայմանական PanDoc անունով հավելվածը: Այն կօգնի քաղաքացիներին պարզ հարցերին պատասխանելու միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը և գտնել համապատասխան մասնագետ: Մրցույթի ընթացքում թիմին տեղում միացել է 9 նոր մասնակից, ովքեր 2 օր շարունակ միասին աշխատել են ներկայացված գաղափարի շուրջ:

ittrend.am-ի հետ զրույցում թիմի ղեկավար և Doctors.am կայքի տնօրեն Սաթենիկ Գրիգորյանն ասաց, որ բջջային հավելվածը հնարավորություն կտա օգտատերերին հաղորդագրություն ուղարկել բժիշկներին և խորհրդատվություն ստանալ: «Հավելվածում օգտագործվելու է Doctors.am կայքում գրանցված բժիշկների բազան: Հավելվածը կունենա երկու առանձին տարբերակ` նախատեսված օգտատերերի և բժիշկների համար: Վերջիններս հավելվածը տեղադրելիս կլրացնեն պարտադիր դաշտերը և հաստատումից հետո կկարողանան օգտվել հավելվածից, իրական ժամանակում ծանուցումներ ստանալ նոր հաղորդագրությունների մասին և այլն»,- հավելվածի մասին պատմեց Սաթենիկը:

Ինչ վերաբերում է պացիենտների խնդիրը հասկանալուն և նրանց ուղղորդելուն, ապա համակարգը բժշկական ուղեցույցներում ներառված հարցաշարի միջոցով կպարզի խնդիրն ու կօգնի համապատասխան մասնագետ գտնել: «Հնարավորինս արդյունավետ ու ճշգրիտ աշխատելու համար կհամագործակցենք մասնագետների հետ` հարցաշարերը կազմելիս»,-ասաց գաղափարի հեղինակը:

Սաթենիկի խոսքով` հավելվածը պատրաստ կլինի 6 ամսվա ընթացքում, իսկ հետագայում հավելվածում կավելացվեն մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում`դեղամիջոցների ընդունման հիշեցումների համակարգ, կալորիականության հաշվիչ, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկատվական նյութեր, հղիության շրջանին վերաբերող խորհուրդներ և այլն: