Google-ը թողարկել է նոր Duo մինիմալիստական վիդեոչաթը

Google ընկերությունը թողարկել է հերթական հաղորդակցական հավելվածը` Duo վիդեոչաթը` նախատեսված Android և iOS սմարթֆոնների համար: Նորույթը ցուցադրվել էր մայիսին կայացած I/O միջոցառմանը: Հավելվածն ունի մինիմալիստական դիզայն, հուսալի կապ ու երկկողմանի կոդավորում: Այն հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS-սարքերի համար:

Duo-ն տետ-ա-տետ շփման համար է, նախատեսված չէ դիմային տեսախցիկից անցում դեպի հիմնականը: Խմբային զանգերի մասին ևս խոսք չի գնում: Ծրագրում գրանցվելու համար անհրաժեշտ է միայն լրացնել հեռախոսահամարը: Duo-ն ավտոմատ կերպով «հարմարվում» է կապին, եթե կապը թույլ է, ապա պատկերի որակը կնվազեցվի, որպեսզի կապը չընդհատվի: Իսկ եթե հեռանաք Wi-Fi կապից, ապա անցումը բջջային ինտերնետին բավական սահուն կլինի:

Հավելվածն ունի հետաքրքիր ֆունկցիա` Knock Knock, որը թույլ է տալիս մինչև զանգ ընդունելը տեսնել զանգող զրուցակցին ու որոշել` զանգն ընդունել, թե ոչ:

Աղբյուրը` Duo (Google Play, iTunes)