Հայտնի են Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները

Հայտնի են Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողներն արդեն իսկ հայտնի են:

Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Հասմիկ Բաբայանի (ծածկագիր 37964) նախագիծը՝ արժանանալով 350.000 ՀՀ դրամ մրցանակի:

Երկրորդ հորիզոնականում հաղթող են ճանաչվել Ստորակետ ճարտարապետական արվեստանոցը (ծածկագիր 28948), ինչպես նաև Աննա Հակոբյանը և Լիլիթ Մարտիրոսյանը (ծածկագիր 78965): Երկրորդ տեղի մրցանակն է 500.000 ՀՀ դրամ:

Գնահատող հանձնաժողովի մեծամասնության կարծիքով` առաջին մրցանակային տեղի համապատասխան նախագիծ չկար, այդ իսկ պատճառով շնորհվել են միայն 2-րդ և 3-րդ տեղի մրցանակներ: Գնահատող հանձնաժողովը բաղկացած էր վեց հոգուց, որոնցից երեքը ճարտարապետական ոլորտի ներկայացուցիչներ էին, իսկ մյուսները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի:

Մրցույթի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն:

Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:

Նշենք, որ մրցույթն իրականացվում էր Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: