Ֆայմթեք հայկական ընկերությունը թողարկել է հավելված` շախմատասերների համար

Ֆայմթեք հայկական ընկերությունը թողարկել է հավելված` շախմատասերների համար

Ֆայմթեք հայկական ընկերությունը ներկայացրել է իր առաջին բջջային հավելվածը, որը բավական հետաքրքիր անուն ունի` Chessfimee (Չեսֆայմի)։ Լինելով շախմատի մեծ երկապագուներ՝ թիմի անդամները փորձել են օգտակար լինել շախմատասեր հանրությանը։

Հավելվածն իրականացնում է խաղատախտակի սկանավորում և վերլուծություն։ Օգտագործելով OCR (optical character recognition) տեխնոլոգիան՝ այն սկանավորում և թվայնացնում է գրքերից, ամսագրերից և նույնիսկ LCD էկրաններից հեռախոսի օգնությամբ նկարված շախմատային դիագրամները, վերլուծում դիրքը լոկալ կամ մեր սերվերների վրա stockfish շախմատային ծրագրի միջոցով։ Նաև կա հնարավորություն շախմատ խաղալ համակարգչի հետ։

«Ցանկությունը մեծ է զարգացնել շախմատի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում․ աջակցել այն մարդկանց, ովքեր սիրում են խաղալ շախմատ և գրավել նրանց, ովքեր ցանկանում են սովորել»,-ասում են հեղինակները:

Ֆայմթեքի հիմնադիր Գոռ Վարդանյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ հասանելի է միայն Android-տարբերակը, իսկ երկու ամսից կթողարկվի նաև iOS-ը: «Ապագայում կփորձենք ավելացնել շախմատի իրական տախտակից ճանաչելու և դիրքը թվայնացնելու ֆունկցիան, նաև կունենանք օգտատերերի բազա, որպեսզի նրանք կարողանան իրենց սկանավորած և վերլուծած խնդիրները պահպանել` ապագայում վերանայելու համար»,-ասաց ընկերության հիմնադիրը:

Թիմը համագործակցում է հայ պրոֆեսիոնալ շախմատիստների հետ, ովքեր տարբեր խորհուրդներով օգնում են հավելվածը մշակելիս:

Հավելվածի Android-տարբերակը կարող եք բեռնել այստեղից: