Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների 5-րդ ամենամյա հավաքը կանցկացվի UWC Dilijan քոլեջում

Օգոստոսի 27-29 Դիլիջանում կմեկնարկի Կենտրոնական 7 Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների և խմբերի ամենամյա համաժողովը՝ Wikimedia CEE Meeting 2016 (#WMCEE2016), որը կազմակերպվում է Wikimedia Հայաստանի և Wikimedia Հիմնադրամի կողմից՝ Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Համաժողովին ներկա կգտնվեն Wikimedia շարժման տարբեր ուղղությունների առաջատար մասնագետները, ինչպես նաև Wikimedia հիմնադրամի ղեկավարները՝ գործադիր տնօրեն Կատրին Մայերի գլխավորությամբ, ով առաջին անգամ կմասնակցի նման համաժողովի:

Հայաստան կժամանեն վիքիպեդիացիներ շուրջ 27 երկրներից՝ Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիա և Հերցոգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Իրան, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Լատվիա, Մակեդոնիա, Մոլդովա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել և ԱՄՆ: Նրանք կհավաքվեն UWC Dilijan քոլեջում՝ քննարկելու համաշխարհային Wiki-համայնքի արդիական խնդիրները:

Երեք օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց տարածաշրջանի Վիքիմեդիա մասնաճյուղերի աշխատանքը, իսկ Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչները՝ ազատ/բաց ծրագրային ապահովման նորարարությունները, ազատ գիտելիք և ազատ բովանդակություն թեմաներին վերաբերող սոցիալական և տեխնիկական ասպեկտները։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համաժողովը Հայաստանում կազմակերպելը եզակի հնարավորություն է Հայաստանի վիքիհամայնքի համար ծանոթանալու Վիքիմեդիա նորագույն ծրագրային գործիքներին, այլ երկրներում իրականացվող միջոցառումներին, Վիքիմեդիայի ձեռքբերումներին և ներկայացնել Հայաստանում իրագործվող ծրագրերն ու իրենց մոտեցումները։«Wikimedia CEE Meeting 2016 կանցկացվի Հայաստանում հայաստանյան վիքի համայնքի արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Այս կոնֆերանսը կարևոր իրադարձություն է թե՛ Wikimedia Հայաստանի, և թե՛ UWC Դիլիջան քոլեջի համար: Լիահույս եմ, որ Scholae Mundi Armenia և IDeA հիմնադրամների հետ մեր համագործակցությունը շարունակման է լինելու՝ ընդգրկելով նոր նախաձեռնություններ», – ասել է Wikimedia Հայաստանի նախագահ և համահիմնադիր Սուսաննա Մկրտչյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ UWC Dilijan քոլեջը նման նշանակալի համաժողովի անցկացման վայր է դարձել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Հայաստանում որակյալ կրթությունը հավասարապես հասանելի դարձնելու տեխնոլոգիաները: Հույս ունենք, որ Scholae Mundi-ի և Wikimedia Հայաստանի միջև ծավալվող համագործակցությունը հիմք կծառայի երկրում համաշխարհային լավագույն կրթական փորձի տարածման համար»,- ասել է Scholae Mundi Armenia-ի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Համաժողովի ընթացքում իրականացվող աշխատանքը հիմք կդառնա Wikimedia Հիմնադրամի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի տարբեր երկրների ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև առավել սերտ համագործակցության ծավալման համար, ինչպես նաև Wikimedia-ի հայ ներկայացուցիչներին այս միջազգային շարժմանն ավելի շատ ներգրավվելու հնարավորություն կտա: