5 որոնողականներ, որոնք չեն զիջում Google-ին

Այսօր խոսելու ենք ոչ թե այլ հայտնի որոնողականների` Yandex-ի կամ Bing-ի մասին, այլ բոլորովին ուրիշ ու հիմնականում անհայտ ծառայությունների մասին, որոնք իսկապես որոշ հարցերում մեծ առավելություններ ունեն` համեմատած Google-ի հետ:

DuckDuckGo

DuckDuckGo-ն բավական հայտնի որոնողական համակարգ է, որի կոդը բաց է, սերվերներն էլ գտնվում են ԱՄՆ-ում: Բացի սեփական ալգորիթմներից` այն օգտագործում է այլ ծառայությունների` Yahoo! Search BOSS-ի, Վիքիպեդիայի, Wolfram|Alpha-ի արդյունքները:

Առավելությունները

DuckDuckGo-ն չի հավաքում օգտագործողների մասին տվյալներ, չի անհատականացնում ցուցադրվող բովանդակությունը, չի պահպանում որոնումների պատմություն ու չի ցուցադրում թիրախային գովազդներ:

Нигма

Нигма-ն ռուսական որոնողական համակարգ է` մշակված Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտների կողմից: Որոնումը կատարում է Google-ի, Bing-ի, Яндекса-ի ինդեքսներով, ունի նաև սեփական ալգորիթմը: Нигма-ն բաժանում է որոնման արդյունքները մի քանի խմբի` թույլ տալով ընտրել հետաքրքրող ճյուղը:

Որոնողականն ունի «Մաթեմատիկա» և «Քիմիա» մոդուլներ, որոնց օգնությամբ կարելի է որոնման տողում մաթեմատիկական խնդիրներ լուծել և քիմիական ռեակցիաների հաշվարկներ անել:

Առավելություններ

Нигма-ն կարողանում է մի տեղ հավաքել ձեզ հետաքրքրող ապրանքի`բոլոր ինտերնետ-խանութներում առկա հղումները: Ծառայությունն ունի նաև միայն անգլալեզու արդյունքները տեսնելու հնարավորություն:

 

not Evil

Սա համակարգ է, որը որոնում է կատարում Tor անանուն ցանցում: Օգտվելու համար պետք է բացել Tor բրաուզերը, այնուհետև մուտք գործել այստեղ: Նմանատիպ որոնողականներ են նաև LOOK-ն ու TORCH-ը:

Առավելություններ

not Evil-ը շատ լավ փնտրում է այնտեղ, որտեղ մուտք չունեն Google-ն ու Yandex-ը:

 

YaCy

YaCy -ն ապակենտրոնացված որոնողական համակարգ է, որն աշխատում է P2P ցանցերի նման: Այսինքն` յուրաքանչյուր համակարգիչ, որի վրա տեղադրված է այս ծրագրային մոդուլը, ինքնուրույն սկանավորում է ինտերնետը` դառնալով առանձին ռոբոտ: Բոլոր արդյունքներից ձևավորվում է ընդհանուր բազա, որը հասանելի է YaCy օգտագործողներին:

Առավելություններ

YaCy-ն չունի միասնական սերվեր, ու որոնողական արդյունքները կախված չեն ինչ-որ նախընտրություններից: Գրաքննությունը բացառված է, իսկ որոնումը կատարվում է ինտերնետի բոլոր անկյուններում, որոնք հաճախ հասանելի չեն Google-ին:

Pipl

Սա համակարգ է, որը նախատեսված է կոնկրետ մարդկանց մասին տվյալներ գտնելու համար: Pipl-ը մանրամասն որոնում է սոցիալական էջերում, մեկնաբանություններում, տվյալների տարբեր բազաներում:

Առավելություններ

Համակարգը փնտրտուք է անում նաև դատական գործերի արխիվներում: