Acer Swift 7. առաջին նոութբուքը, որը 1սմ-ից բարակ է

Acer ընկերությունը ցուցադրել է աշխարհի ամենաբարակ նոութբուքը: Swift 7 նոր մոդելի հաստությունը 0,39 դյույմ է (9,98 մմ):. Նորույթը կներկայացվի IFA ցուցահանդեսին, որը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:

Համակարգիչը կաշխատի Windows 10 օպերացիոն համակարգով: Ինչ վերաբերում է չիպին, ապա նոութբուքում կօգտագործվի նորագույն Intel Core i5 7-րդ սերնդի պրոցեսոր, որը թողարկվել է երեկ:

Նոութբուքն ունի USB Type-C 3.1 երկու մուտք ու 3,5 մմ անցք` ականջակալների համար: Մարտկոցի լիցքը կբավականացնի 9 ժամ: Նորույթի էկրանն այդքան էլ տպավորիչ չէ. 13,3 դյույմ անկյունագիծ և Full HD թույլատրելիություն: Օպերատիվ հիշողությունը կկազմի 8 ԳԲ, իսկ ներքինը` 256 ԳԲ: Համակարգիչը կկշռի 1,1 կգ:

Չինաստանում Swift 7-ի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին, իսկ ԱՄՆ-ում` հոկտեմբերին` արժենալով 999 դոլար:

Աղբյուրը` The Verge