Instagram Stories. ինչու և ինչպես օգտվել նոր ֆունկցիայից

Մի քանի օր է` Instagram-ում հայտնվեց նոր ֆունկցիա, որն օգտագործելու մասին կխոսենք այսօր:

Stories (պատմություններ) կոչվող ֆունկցիան հնարավորություն է տալիս ստեղծել լուսանկարներ ու 10 վայրկյան տևողությամբ տեսանյութեր` օգտագործելով տեքստեր, էմոջիներ և ձեռագրային նշումներ: Յուրահատկությունն այն է, որ դրանք ջնջվում են 24 ժամ հետո: Ըստ Instagram-ի պաշտոնական բլոգի` ֆունկցիան նախատեսված է ամենօրյա, ոչ այդքան կարևոր տեղեկատվությամբ կիսվելու համար:

Ի՞նչ է սա

Նորամուծությունը շատ նման է Snapchat-ի համանման ֆունկցիային, երբ ուղարկված նկարները ջնջվում են որոշ ժամանակ անց: Նոր պատմությունները երևում են լրահոսի վերին հատվածում` կլորակների տեսքով: Դրանք դիտելու համար պետք է սեղմել կլորակի վրա: Ընդ որում` դրանք ցուցադրվում են ոչ թե ըստ ժամանակագրության, այլ դիտումների քանակով:

Մեկնաբանել հնարավոր է միայն` Direct-ով նամակ ուղարկելով, այսինքն` մեկնաբանությունները տեսնում է միայն հեղինակը:

Ինչպես ստեղծել

Նոր պատմություններ ստեղծելու համար պետք է սեղմել վերևի ձախ անկյունում գտնվող “+” նշանի վրա, այնուհետև ձայնագրելու կոճակի վրա կարճ սեղմելու դեպքում կստանաք լուսանկար, իսկ երկար սեղմելիս` տեսանյութ: Կարելի է ընթացքում փոխել նաև տեսախցիկը, անջատել/միացնել լուսարձակը, ընտրել նախապես արված լուսանկարներից մեկը կամ մի քանիսը:

Կարող եք օգտվել նաև ֆիլտրերից, տեքստ ու էմոջի ավելացնել կամ ձեռագրով նշում ավելացնել:

Անվտանգության կարգավորումները

Երբ Stories-ը հրապարակվի, կկարողանաք այն թաքցնել կոնկրետ օգտագործողներից, իմանալ` քանի հոգի ու ովքեր այն դիտեցին: Կարգավորումներն ու վիճակագրությունը կարող եք տեսնել գրառումը դիտելու ընթացքում` դեպի վեր էկրանին սվայփ անելով:

Կարող եք նաև լուսանկարը կամ տեսանյութը պահպանել, ջնջել ու հրապարակել այն հիմնական լրահոսում, որտեղ այն չի ջնջվի մեկ օր անց: