Թումո Ստեփանակերտը մեկ տարեկան է. կենտրոնի անցած ճանապարհը (ֆոտոշարք)

Արդեն մեկ տարի է, ինչ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում Ստեփանակերտում գործում է թվով չորրորդ Թումո կենտրոնը: Թումո Ստեփանակերտի առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 17:00-ից կանցկացվի բացօթյա միջոցառում՝ «Թումոկերտը»: Այցելուները կկարողանան ծանոթանալ թումոցիների կատարած աշխատանքներին, ռոբոտների ֆուտբոլ խաղալ, Google Cardboard-ներով հայտնվել թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության մեջ, վայելել Թումոյի Pyramidz խմբի DJing-ը, նկարահանվել ֆոտո և gif տաղավարներում, ստանալ «Թումոյական արտադրության» շապիկներ ու կրծքանշաններ:

Թումո Ստեփանակերտում պատերի սրբատաշ քարերն ու վերջին տեխնոլոգիաները լիովին համատեղելի են, իսկ Արցախի բարբառն ու JavaScript-ի կամ Python-ի նման համամարդկային լեզուները ապրում են կատարյալ խաղաղության մեջ: Մեկ տարվա ընթացքում ՝ Թումո Ստեփանակերտի բացումից ի վեր, ԼՂՀի ավելի քան 1,000 պատանի անցել է կենտրոնի դռներով ու մուտք գործել լիովին նոր կյանք:

Տարվա ընթացքում կենտրոնում անցկացվել է 22 դասընթաց՝ սկսած անիմացիայից մինչ ծրագրավորում: Ոլորտի առաջատար մասնագետների վարած 7 աշխատարանների ընթացքում պատանիները սովորեցին լուսանկարել իրենց շրջապատը իտալացի լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի հետ, ծրագրավորել ռոբոտներ Թումոյի իսպանացի ընկեր Ջուզեպ Ֆարգասի օգնությամբ, ստեղծել Արցախի մասին պատմող կայք Zoom Graphics-ի Սամվել Չոբանյանի և Մոնթե Հակոբջանյանի հետ, փաստագրել իրենց հայրենիքը ԱՄՆից եկած լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանի հետ, փորձարկումներ անել երգերի խոսքերի, ժանրերի և հայկական ժողովրդական երաժշտության հետ Collectif Medz Bazar-ի ֆրանսիահայ երաժիշտ Սևանա Չագրյանի առաջնորդությամբ, Արցախի բոլոր հետաքրքիր փաստերը հավաքել գեղեցիկ ինֆոգրաֆիկաների մեջ գրաֆիկական դիզայներ Սեդրակ Մկրտչյանի օգնությամբ ու քանդել թվային մեդիաների հարթակում պատմություններ ստեղծելու սահմանները Esquire Ռուսաստանի խմբագիր Գրիգոր Աթանեսյանի ու Blueprint հանդեսի արտ տնօրեն Ջինա Օնեգինայի հետ: Լույս հիմնադրամի երեք ուսանողներ նույնպես ուղևորվեցին Ստեփանակերտ՝ անցկացնելու իրենց գիտական ուսումնասիրություններն ու տեղի թումոցիների համար աշխատարաններ վարելու: Եվ ամենակարևորը՝ տարին լի էր յուրահատուկ ուսանողներով, ինչպես ամեն շաբաթ Հաթերքից Թումո Ստեփանակերտ երեք ժամանոց ճանապարհ ընկնող Սարգիսը, ռոբոտաշինության գիտակ 14 տարեկան Մարիամը, լուսանկարչության մեջ իր նոր, բայց աչքի ընկնող տաղանդը գտած Սամվելն ու շատ ուրիշներ:

Կենտրոնը բաց էր մնացել ապրիլյան ռազմական սրացման ընթացքում, ու մասամբ վերափոխվել էր լրագրողների համար նախատեսված մեդիա անկյան: Չնայած դժվարին իրավիճակին, Թումո ուսանողները կենտրոնացած էին իրենց ապագայի ու կրթության վրա:

Կենտրոնի միամյակի առիթով Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանի ոգևորությունը անսպառ է՝ «Ինձ հարցնում էին՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, արդյոք լա՞վ ժամանակ է Ստեփանակերտում Թումո բացելու համար: Իմ պատասխանն է՝ հիմա լավագույն ժամանակն է: Մեր ուսանողները պիտի օգտագործեն սովորական առօրյա ունենալու, իրենց ու իրենց հայրենիքի պայծառ ապագայի վրա կենտրոնանալու  յուրաքանչյուր հնարավորություն: Արցախը ոչ սկսվել է, ոչ էլ վերջանալու է վերջին տասնամյակների զարգացումներով: Մենք հավատում ենք՝ այն ունի մեծ ապագա, ու բաց չենք թողնում այդ ապագայի մի մասը լինելու հնարավորությունը»: Թումո Ստեփանակերտի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը համաձայն է՝ «Այս կարևոր հանգրվանին հասնելը մեծ հույս է ներշնչում: Ես շատ հպարտ եմ մեր թիմով ու ուսանողներովանհամբեր սպասում եմ գալիք կրթական տարվան»: ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և կենտրոնական խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը նույնպես կիսվեց իր ոգևորությամբ՝ «Մենք հպարտ ենք լինել այս հաջողության մի մասը: Այսօր, երբ նորարարությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները կենտրոնական դեր են խաղում Հայաստանի զարգացման մեջ, մեր գլխավոր նախապատվությունն է ներդնել ստեղծարար մտածողության ոլորտում, և երիտասարդ տաղանդներին ոգեշնչել ինովացիոն մասնագիտություններ ընտրել»: Նա նաև նշեց՝ «ՀԲԸՄի շարունակական աջակցությունը Գյումրիի և Ստեփանակերտի Թումո կենտրոններին հաստատում է Հայաստանի երիտասարդությանը ինովացիոն կրթության գործիքներ ու ռեսուրսներ տրամադրելու մեր հանձնառությունը»:

Թումո Ստեփանակերտի գործունեության առաջին տարին լի էր իրադարձություններով, ձեռքբերումներով ու հիանալի ուսանողներով, այնպես որ, գալիք տարիները խոստանում են լինել կրթությամբ ու տաղանդների բացահայտումներով լի: