KitKeys Armenian հավելվածը հնարավորություն կտա տրանսլիտով տեքստը վերածել հայատառի

KitKeys Armenian հավելվածը հնարավորություն կտա տրանսլիտով տեքստը վերածել հայատառի

Օրերս թողարկվել է KitKeys Armenian հավելվածը, որը հնարավորություն է տալիս լատինատառ գրված տեքստը վերածել հայատառի: Այն նաև բառերի հավաքմանը զուգահեռ առաջարկում է հուշում-առաջարկներ, ինչն ավելի է արագացնում տեքստը հավաքելը: Առայժմ թողարկվել է միայն հավելվածի iOS-տարեբերակը, սակայն սեպտեմբերի վերջին կթողարկվի նաև Android-ը: Այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց հավելվածը մշակող MobOs ընկերության համահիմնադիր Մուշեղ Մավիսակալյանը: Նշենք, որ iOS-հավելվածն արժե 1,99 €, Android-տարբերակը ևս վճարովի է լինելու:

«Հավելվածի օգտագործման փորձի, օգտվողների դիտողությունների և առաջարկների օպերատիվ վերլուծությանը զուգընթաց անընդհատ աշխատանքներ են տարվում հավելվածի հետագա զարգացման` ինչպես նոր գործառույթների ավելացման, այնպես էլ եղածների կատարելագործման ուղղությամբ: Ի դեպ, սա պատճառներից մեկն է, որ հավելվածը վճարովի է, մենք շարունակաբար մեծ ջանքեր և ժամանակ ենք ներդնում»,-ասաց ընկերության համահիմնադիրը:

Մինչև  տարեվերջ շուկա է դուրս գալու նաև Mac OS օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը: «Mac OS օպերացիոն համակարգից օգտվողներին քաջ հայտնի է, թե որքան դժվար է հայերեն տեքստ հավաքել այդ միջավայրում: Աշխատելու ենք այնպես անել, որ տրանսլիտ ռեժիմի օգնությամբ հայերեն տպելը Mac OS համակարգից օգտվողների համար դառնա նույնքան հեշտ ու արագ, որքան հայերեն տեքստն անգլերենով հավաքելը»,-մանրամասնեց Մուշեղը:

Հավելվածի վրա աշխատում է 4 հոգի, ովքեր բոլորն էլ ՏՏ ոլորտում աշխատելու մեծ փորձ ունեն: Նրանց նպատակն է դարձնել KitKeys-ն առաջատար` տեքստի կանխագուշակման, բառերի առաջարկների, տառերի «տրանսլիտ» ռեժիմով հավաքելու և ստեղնաշարը առավել հարմար օգտագործելու ուղղությամբ: