Apple Watch 2. ինչ նորամուծություններ ունի Apple-ի նոր ժամացույցը

Apple Watch 2. ինչ նորամուծություններ ունի Apple-ի նոր ժամացույցը

Apple-ը երեկ երեկոյան կայացած միջոցառմանը ներկայացրեց Apple Watch խելացի ժամացույցի երկրորդ տարբերակն ու watchOS  օպերացիոն համակարգը: Ընդ որում` հատուկ նշվեց, որ ժամացույցներով հնարավոր կլինի Pokemon GO խաղալ: Խաղի համապատասխան տարբերակը կթողարկվի տարեվերջին:

Apple Watch series 2-ի գինը կսկսվի 369 դոլարից. այն անջրանցիկ է, այնպես որ կարող է օգտագործվել լողալու ընթացքում: Սարքը չի վնասվի նույնիսկ այն դեպքում, եթե գտնվի 50 մետր խորության տակ: Բացի այդ` լողալու ընթացքում այն կկարողանա հաշվել այրված կալորիաների թիվը: Ժամացույցի պրոցեսորը 50%-ով ավելի մեծ արտադրողականություն է ապահովում` առաջին սերնդի ժամացույցի հետ համեմատած:

Էկրանը դարձել է երկու անգամ ավելի վառ: Սարքի նորամուծություններից է ներդրված GPS-ընդունիչը: Ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում Nike-ի հետ համատեղ թողարկել ժամացույցի հատուկ տարբերակ` նախատեսված վազորդների համար:

Նշենք, որ այսօրվանից առաջին սերնդի Apple Watch-ի գինը իջեցվել է 100 դոլարով, ընդ որում` սարքի նոր խմբաքանակները կթողարկվեն series 2-ում օգտագործվող նույն երկմիջուկ պրոցեսորով: