Apple-ը ներկայացրեց iPhone 7-ն ու 7 Plus-ը

Քիչ առաջ Apple ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները: Ինչպես սպասվում էր, մոդելները բավական նման են iPhone 6S-ին ու 6S Plus-ին և չունեն ականջակալները միացնելու համար նախատեսված 3.5մմ անցք:

Բացի բաց ու մուգ մոխրագույն, ոսկեգույն, վարդագույն տարբերակներից` նոր iPhone-ն առաջարկվում է նաև սև գույնով: Հեռախոսի պատյանը պատրաստված է ալյումինից: “Home” կոճակը զգայուն է հպումների նկատմամբ, այնպես, ինչպես Force touch տեխնոլոգիայով համալրված էկրանը:

iPhone 7-ն ունի 4.7 դյույմանոց  Retina HD IPS էկրան` 1,134 x 750 թույլատրելիությամբ, իսկ iPhone 7 Plus-ը` 5.5 դյույմ անկյունագծով Retina HD IPS էկրան` 1,920 x 1,080 թույլատրելիությամբ: Երկու մոդելի էկրաններն էլ 25 տոկոսով ավելի պայծառ են ու գունեղ, քան iPhone 6S-ը:

Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա այն 12 ՄՊ է, ինչպես նախորդ սերնդի դեպքում, սակայն նոր մոդելն ունի պատկերի օպտիկական հստակեցման ֆունկցիա: Դիմային տեսախցիկը ևս կատարելագործվել է` 5 ՄՊ-ից վերածվելով 7-ի:

Փոխվել է նաև պրոցեսորը, այժմ սմարթֆոնում օգտագործվում է 6 միջուկ ունեցող A10 Fusion չիպը, որը 40 տոկոսով ավելի մեծ արտադրողականություն ունի, քան iPhone 6S-ի A9-ը:

iPhone 7-ի մարտկոցը երկու ժամով ավելի երկար աշխատանք է ապահովում, քան iPhone 6S-ի դեպքում է, իսկ iPhone 7 Plus-ը` մեկ ժամ ավելի` iPhone 6S Plus-ի հետ համեմատած:

Նոր iPhone-ները պաշտպանված են IP67 ստանդարտով, այսինքն` անջրանցիկ են (կարող են 30 րոպե մնալ ջրի տակ) ու պաշտպանված են փոշուց:

Առաջին անգամ iPhone-ն ունի ստերեո-բարձրախոսներ: Ինչ վերաբերում է ականջակալների անցքի բացակայությանը, ապա օգտագործողները կարող են միացնել Lightning-ով աշխատող ականջակալներ, բացի այդ` սմարթֆոնի հետ միասին կտրվի Lightning-ին 3.5մմ ականջակալ միացնելու համար նախատեսված լար: Սակայն Apple-ը առաջարկում է նաև օգտվել իր նոր անլար ականջակալներից, որոնք կոչվում են AirPods:

iPhone 7-ն ու 7 Plus-ը հասանելի կլինեն 32, 128 և 256 ԳԲ տարբերակներով: iPhone 7-ի գինը կսկսվի $649-ից, իսկ 7 Plus-ինը`$749-ից: Նախապատվերը հնարավոր կլինի ձևակերպել սեպտեմբերի 9-ին, իսկ առաքումը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: