Երևանում կանցկացվի Հեքըթոն. արդեն ընդունվում են մասնակցության հայտեր

Երևանում կանցկացվի Հեքըթոն. արդեն ընդունվում են մասնակցության հայտեր

Երևանում հոկտեմբերի 1-ին կանցկացվի հեքըթոն, որի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Հայաստանյան լավագույն մասնագետներից կազմված հանձնաժողովը, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին, կորոշի լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Հաղթող թիմերը կստանան 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:

Հեքըթոնի կազմակերպիչներն են Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը։ Մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը ներկայացնել դիմում-հայտ այստեղ:

«Կարելի է ասել, որ հեռահաղորդակցության ոլորտն ամենաարագ փոփոխվող և զարգացող ոլորտներից մեկն է, և մենք, որպես նորարար ընկերություն, մշտապես գտնվում ենք այս փոփոխությունների էպիկենտրոնում։ Beeline-ը ոչ միայն յուրաքանչյուր օր փորձում է իր բաժանորդներին առաջարկել ժամանակակից ծառայություններ, այլ չափազանց կարևորում է թվային նորարարություններին ուղղված նման նախագծերի իրականացումը։ Համոզված եմ` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ կազմակերպված մրցույթի շրջանակում ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երևույթը հեռահաղորդակցության ոլորտում»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՏՏ աշխարհում ընդունված պրակտիկա է անցկացնել թեմատիկ հեքըթոններ, որոնց ժամանակ մշակվում են կոնկրետ ոլորտի որոշակի խնդիրների նորարար լուծումներ։ Այս տարի համագործակցելով Beeline Հայաստանի հետ` փորձում ենք մշակել հետաքրքիր և ստեղծարար լուծումներ հեռահաղորդակցության խնդիրների վերաբերյալ, որոնք հետագայում կարող են դառնալ պահանջարկ վայելող պրոդուկտներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ հեքըթոններից ծնվում են բազմաթիվ գաղափարներ, որոնք դառնում են շահավետ բիզնես», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ