UpStart` նոր հնարավորություն հայկական ստարտափերի համար

Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ հայտարարում է UpStart ծրագրի մեկնարկը (www.upstart.am), որն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ UpStart-ը ստարտափերի համար նախատեսված մրցույթ է, որը բաց է նորարարական լուծում առաջարկող ստարտափերի համար, որոնք գտնվում են զարգացման տարբեր շրջաններում։ Դիմումհայտը ներկայացնելուց հետո ընտրված ստարտափերը ցանկության դեպքում կանցնեն եռօրյա դասընթացներ, որոնց ընթացքում կբարելավեն և կզարգացնեն իրենց ստարտափը ներկայացնելու հմտությունները։

«Տարբեր ծրագրերի միջոցով մենք ստարտափերին տրամադրում ենք համապարփակ աջակցություն ինչպես բուն պրոդուկտի մշակման, այնպես էլ ներդրողների հետ հարաբերությունների  հաստատման, պրոդուկտը շուկա հանելու ուղղությամբ։ UpStart-ը հիանալի հնարավորություն է զարգացման փուլում գտնվող և մինչև 250,000 ԱՄՆ ներդրում փնտրող ստարտափերի համար։ Ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունը հայկական ստարտափերի նկատմամբ, և նմանատիպ միջոցառումները կամուրջ են հանդիսանում ստարտափերի և ներդրողների միջև»,նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Upstart ծրագրի ստարտափերի pitching միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում մինչև 15 ստարտափեր կներկայացնեն իրենց պրոդուկտները 50-ից ավել միջազգային գործարարների, ներդրողների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների, ինչպես նաև 200-ից ավելի հյուրերի դիմաց։ Մրցույթի առաջին և երկրրոդ տեղը զբաղեցրած թիմերը կստանան համապատասխանաբար 2,500 և 1,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում։ Ստարտափ թիմերը մրցանակաբաշխությունից հետո կունենան հնարավորություն շփվել հրավիրված գործարարների հետ։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համար այս միջոցառումը ունի մեկ գերակա նպատակ՝ հայաստանյան և արտասահմանյան հայ գործարարների, ինչպես նաև միջազգային նշանակություն ունեցող վենչուրային և հետազոտողական հիմնադրամների առաջնորդների հետաքրքրությունը սևեռել դեպի Հայաստանյան ինովացիաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալ մրցունակ միավորներ և իրենց զարգացմամբ նպաստել նորարարական մոտեցումների վրա հիմնվող  գործարար մշակույթի կերտմանը։ UpStart-ի շրջանակներում մասնակիցների համար ստեղծելու ենք հնարավորություն անհատական հանդիպումներ ունենալ հետաքրքվող ներդրողների հետ, ինչպես նաև աջակցելու ենք բանակցությունների վարման ընթացքում։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին ,ապա ամենամեծ արդյունքը կլինի իրական ներդրումների իրականացումը և համոզված կարող ենք ասել, որ UpStart-ը ավելի մեծ գործընթացի մեկնարկ է, և մենք շարունակական  կերպով պիտի աջակից լինենք այս ոլորտի և ստարտափերի հետևողական զարգացման գործընթացին»,-նշում է Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համահիմնադիր, տնօրեն Մարիամ Թորոսյանը։

UpStart սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմումհայտ www.upstart.am կայքից, լրացնել և ուղարկել կայքում նշված էլփոստով։ Դիմումհայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: