Դիջիթեք էքսպո 2016. բանակից` ՏՏ ոլորտ

ԴիջիԹեք էքսպո 2016 ցուցահանդեսին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրեց իր «Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագիրը, որի շրջանակներում բանակից զորացրված անձանց համար ԻՏՁՄ-ն կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ: Անվճար դասընթացների տևողությունը 6 ամիս է: Ծրագրին մասնակցել կարող են նաև ապրիլյան պատերազմի մասնակիցները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները:

Ծրագրին մասնակցող Վահագն Հարությունյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ դասընթացների մասնակիցները սովորում են ծրագրավորման տարբեր լեզուներ` PHP, Java, JavaScript, Python և այլն: Իսկ իրենց լավագույնը դրսևորած ուսանողներին ԻՏՁՄ-ն կօգնի աշխատանք գտնել հայկական ընկերություններում: «Զորացրվածները կկարողանան դիմել ծրագրին մասնակցելու համար զորացրվելուց հետո 2 տարվա ընթացքում»,-ասաց Վահագնը:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն էր Ucom կապի միասնական օպերատորը: