Դիջիթեք էքսպո 2016. Joomag-ի միջոցով թողարկվել է արդեն 13 միլիոն ամսագիր

Հայկական Joomag հարթակը, որը նախատեսված է թվայնացված ամսագրեր, բրոշյուրներ ու կատալոգներ ստեղծելու համար, իր գործունեության ընթացքում թողարկել է արդեն 13 միլիոն ամսագիր: Ընկերությունն այս տարի ևս մասնակցում էր Դիջիթեք Էքսպո 2016 ցուցահանդեսին:

Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին և կարճ ժամանակում հասել մեծ հաջողության: Այն թույլ է տալիս ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, ֆոտոալբոմներ, էլեկտրոնային գրքեր:

Հարթակը  հնարավորություն է տալիս արդեն տպագրած պարբերականը օնլայն խմբագրել` հարստացնելով այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիաներով ու հղումներով:

Ամբողջ աշխարհում ընկերության ծառայություններից օգտվում է ավելի քան 459,000 հրատարակիչ:

2015-ի հոկտեմբերից Joomag-ը սկսեց համագործակցել Getty Images հայտնի ֆոտոծառայության հետ: Getty Images-ն ունի ավելի քան 36 միլիոն լուսանկարների բազա, որն արդեն հասանելի է Joomag-ում՝ դրանց լիցենզիան ձեռք բերելու դեպքում։