Երևանում կկայանա մատչելի վայրերի քարտեզագրման բացօթյա մափաթոն

Հոկտեմբերի 8-ին հոկտեմբերի 8-ին` ժ.11:00-ին Արամի 72 հասցեից կմեկնարկի մատչելի վայրերի քարտեզագրման բացօթյա մափաթոնը, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները` գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով Matcheli Vayrer բջջային հավելվածը: Մափաթոնի կազմակերպիչներն են ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիան և Հայկական ճամբար հկ-ն:

Միջոցառմանը կարող են միանալ սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և այլն: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ:

Անհրաժեշտ է նկարել հանդիպած մատչելի վայրը, նշել հասցեն «Մատչելի վայրերի» քարտեզի վրա և նկարագրել, թե ինչու է այն մատչելի: Այս կերպ կկարողանանք օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:

Քարտեզագրման մասնակիցների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղություններով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Քարտեզագրման ակտիվ մասնակիցներին սպասվում են անակնկալ նվերներ: