IBM ISTC-ն ու EIF-ը հանդես եկան նոր կրթական նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 7-ին կայացավ ‹‹ISTC Think Day with Academia›› միջոցառումը, որը նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու, տեխնոլոգիական կրթությունը խթանելու և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու նպատակով:

‹‹ISTC Think Day with Academia››-ի ընթացքում տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական ու բիզնես: Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա: Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաև ստացավ ծրագրի մասնակցության վկայականներ:

‹‹Մեր թիմը ստեղծել է Shopping Adviser նախագիծը, որը բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց հեշտ և արագ կատարել գնումներ: Այցելուն հավելվածում նշում է ապրանքը, գույնը, ձևը, չափսը, գնային սահմանը, և հավելվածը նրան ուղեցկում է դեպի այն խանութը, որտեղ առկա է նշված տվյալներին համապատասխան ապրանքը››,- նախագիծը ներկայացրեց Jarvis թիմի անդամ Մարիամ Սիմոնյանը, ով Երևանի պետական համալասարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է:

‹‹ Menony թիմը, որը բաղկացած է 5 հոգուց, մշակում է հավելաված՝ Ռոբոտ հոգեբան: Այն օգնում է մարդուն իր առօրյա հոգեբանական խնդիրները լուծելու հարցում, իսկ երբ ռոբոտը մարդու մոտ նկարտում է ավելի խորը հոգեբանական խնդիրներ, նրան առաջարկում է դիմել իրական հոգեբանին››,- նախագծի մասին պատմեցին թիմի անդամներ Անժելա Իսակովան և Վիկտորյա Մարկոսյանը:

‹‹ISTC Think Day with Academia››-ի միջոցառման շրջանակում քննարկվեցին նաև ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների և հետազոտական ինստիտուտների զարգացման միտումներն ու առկա խնդիրները, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունների զարգացմանն ուղղված գաղափարներն ու տեսլականը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր համալսարանների դասախոսներ և ուսանողներ, ովքեր արդեն ISTC համայնքի անդամ են: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 100 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 1000 ուսանող և 100 դասախոս:

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 17-ից կմեկնարկի ISTC Ակադեմիա ուսումնական նոր ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված ուսանողները:

Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել ISTC կենտրոնի գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ կենտրոնի հետազոտական խմբի անդամ:

Հայաստանում Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հիմնադրվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Երևանի պետական համալսարանի կողմից: