Ամիր Թարիղպեյմա. հայկական ստարտափները պետք է դեպի հեռուն նայեն, սակայն փոքր քայլերով առաջ գնան

Ամիր Թարիղպեյմա. հայկական ստարտափները պետք է դեպի հեռուն նայեն, սակայն փոքր քայլերով առաջ գնան

Օրերս Հայաստանում էր հաջողակ ձեռնարկատեր ու IE Business School-ի պրոֆեսոր Ամիր Թարիղպեյման, ով վարպետաց դաս վարեց ստարտափների համար` կիսվելով իր մի շարք հմտություններով, որոնք վերաբերում են վաճառքի արդյունավետ ռազմավարություն մշակելուն: «Հաջողության հասնելու համար խորհուրդ եմ տալիս ուղղակի գործի անցնել, սակայն մեծ ուշադրություն դարձնել ծախսվող ռեսուրսներին, նկատել եմ, որ ստարտափները հիմնականում այնքան էլ լավ չեն հաշվարկում ռեսուրսները»,- ittrend.am-ի հետ զրույցում ասաց Թարիղպեյման:

Պրոֆեսորը նշեց, որ առայժմ շատ խորը տեղեկացված չէ հայկական ՏՏ ոլորտին, բայց արդեն իսկ տեսնում է շատ թարմ ու հետաքրքրաշարժ գաղափարներ. «Ինձ գրավում է հատկապես այն, որ հայ մասնագետները կարող են ունենալ աշխատանք որևէ ընկերությունում, սակայն ազատ ժամանակը տրամադրել սեփական հավելվածը մշակելուն»:

Նրա խոսքով` պետք է հստակեցվի այն հարցը, թե կոնկրետ ինչով է թիմն ուզում զբաղվել: Բացի այդ` պետք է լայնախոհ լինել, հեռուն նայել, սակայն առաջ շարժվել փոքր քայլերով: Հաջորդ խնդիրն, ըստ մասնագետի, այն է, որ ՏՏ ոլորտի մասնագետները հակված չեն փոփոխել իրենց պրոդուկտը :

Հարցին, թե ինչ սխալներ են անում հիմնականում ստարտափները, Ամիրը նշեց, որ սկսնակ ընկերությունները երբեմն չեն մշակում իրենց պրոդուկտը` շուկայի ներկայիս պահանջներից ելնելով ու շուկայի համար այն ադապտացնելով: «Ինչպես ասում են մարքեթինգի աշխարհում, սպառողը թագավորն է, և պրոդուկտը պետք է հարմարեցված լինի հենց նրան, ոչ թե հակառակը»,-ասաց Թարիղպեյման:

Նշենք, որ խոսնակը դասախոսությամբ հանդես է եկել նաև Eurasia Mobile Challenge‎ մրցույթի աքսելերացիոն օրվա շրջանակներում` կիսվելով մասնակիցների հետ հաջողակ ստարտափ ունենալու գաղտնիքներով:

 

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ