Նախագահն այսօր ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած պատանիներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգևին արժանացել են 409 ուսանող և աշակերտ:

Պարգևատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:

«Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն և ուրախություն են պարգևում: Եղե՛ք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում և համառ՝ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար, իսկ սա ծառայություն է: Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Շատ շնորհակալ եմ: Իհարկե, նաև շնորհակալություն եմ հայտնում մրցութային հանձնաժողովին»,- իր շնորհավորական խոսքում նշել է նախագահը: