Ucom և Calix ընկերությունների համագործակցության շնորհիվ Հայաստանում կգործի 10 ԳԲ/վ արագությամբ համակցված ցանց

Ucom և Calix ընկերությունների համագործակցության շնորհիվ Հայաստանը կդառնա գերժամանակակից լուծումներին հասանելիություն ունեցող աշխարհում առաջատար երկիր

Ucom ընկերության կողմից Հայաստանում գործարկվելիք Calix AXOS E-Series համակարգերի միջոցով հնարավոր կլինի համակցել ընկերության օպտիկամանրաթելային ենթակառուցվածքները՝ այսպիսով ստեղծելով 10Գբ/վ արագությամբ համակցված ցանց

Լոնդոն, 19 հոկտեմբերի, 2016թ. – Աշխարհում SDA տեխնոլոգիաների առաջատար Calix, Inc. (Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցված է որպես CALX) ընկերությունն այսօր հայտարարեց հայկական հեռահաղորդակցության շուկայում ծառայություններ մատուցող Ucom նորարարական ընկերության հետ իր համագործակցության մասին, որի շրջանակներում հայ սպառողին հասանելի կդառնան NG-PON2 տեխնոլոգիաների առավելությունները: 2017թ. սկզբին նախատեսված Calix AXOS NG-PON2 համակարգերի նախնական փորձարկումներով՝ Ucom-ը Հայաստանում կմեկնարկի նոր՝ 10 Գբ/վ (վայրկյանում 10 գիգաբիթ) արագությամբ կապի ծառայությունները, ինչպես նաև կհամակցի իր ցանցային ենթակառուցվածքները՝ այսպիսով պարզեցնելով իր բիզնես գործընթացները:

Հայաստանում առաջինը FTTH տեխնոլոգիայով ծառայություններ մատուցող Ucom ընկերության և Calix-ի միջև երկարատև համագործակցությունը հանգեցրել է հայկական հեռահաղորդակցության շուկայի վերափոխմանը: Ucom-ն իր հաճախորդներին առաջարկում է ձայնային, հեռուստատեսային և տվյալների փոխանցման առաջատար ծառայություններ՝ միաժամանակ շարունակաբար ընդլայնելով իր կոմերցիոն և շարժական կապի ծառայությունների պորտֆելը: Անցած տարի Ucom-ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության 100% բաժնետոմսերը՝ այսպիսով արագացնելով և ավարտին հասցնելով Հայաստանում առաջատար 4G+/ LTE գերարագ ցանցի ներդրման աշխատանքները և առաջինը հանդես գալով 4-ը 1-ում ծառայությունների առաջարկով:

«Calix ընկերությունը գործուն մասնակցություն է ունեցել մեր FTTH ցանցի զարգացման գործում, որը, կարծում ենք, Հայաստանում ներկայումս գործող ամենաընդարձակ և առաջատար ցանցն է», – ասաց Ucom ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն և ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Եսայանը: «Լինելով ՕՊՄԹ ցանցով ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ մենք վստահ ենք, որ Calix ընկերությունն արժեքավոր դերակատարում կունենա դեպի NG-PON2 և AXOS E-Series տեխնոլոգիաներ անցումային փուլում: Մենք մշտապես ունեցել ենք մի տեսլական. դառնալ ամենաառաջատար նորարարական ընկերությունն ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտներում, և NG-PON2-ն կատարյալ միջոց է բիզնեսներին մտուցվող ծառայություններն ընդլայնելու և մեր սեփականությունը հանդիսացող շարժական կապի կայանները կապակցելու համար: Calix-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր գործունեությունը տեղափոխել հաջորդ մակարդակ՝ մեկ անգամ ևս նոր շունչ հաղորդելով մեր երկրում լայնաշերտ ծառայությունների շուկային»:

Ucom ընկերության ղեկավարն ընկերության՝ NG-PON2 ծառայությունների հետ կապված հետագա ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ մասնրամասներ կհաղորդի այսօր՝ Լոնդոնի ժամանակով 09:00-ին, Լոնդոնի ExCel Convention կենտրոնի Service Monetization Track Room-ում կայանալիք Broadband World ֆորումի շրջանակներում անցկացվող «NG-PON2. Ապագան այսօր այստեղ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Կլոր սեղան-քննարկումը կնախագահի Ovum ընկերության գլխավոր խորհրդատու Ջուլի Կունցլերը՝ AT&T, Verizon, և Vodafone Group ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ:

«Լինելով Calix AXOS E-Series համակարգերով NG-PON2 ծառայությունները Հայաստանում առաջինը գործարկող ընկերություն՝ Ucom-ը կշարունակի իր գործունեությամբ տարբերվել հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցներից և պահպանել առաջատարի իր դիրքն այս ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերությունների նկատմամբ», – նշեց Calix ընկերության տարածքային գրասենյակի փոխնախագահ Ջոզեֆ Հադդադը: «NG-PON2 ծառայություններն, իսկապես, նոր շունչ կհաղորդեն Ucom-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գործունեությանը, որը ցանկանում է օգուտ քաղել շարժական և ամրակցված կապի ծառայությունների համակցման առավելություններից, ինչպես նաև Հայաստանին, որի քաղաքացիները ձգտում են հասանելիություն ունենալ առաջատար լայնաշերտ ծառայություններին: Մենք շատ հպարտ ենք Ucom ընկերության հետ մեր բազմամյա համագործակցության համար, որի նպատակն է վերափոխել Ucom-ի ցանցը, և ակնկալում ենք, որ այս ընկերությունը կունենա շարունակական հաջողություններ, քանի որ NG-PON2 տեխնոլոգիաների գործարկմամբ Ucom-ի ցանցն ու վերջինիս կողմից մատուցվող ծառայությունները կտեղափոխվեն մեկ այլ՝ նոր մակարդակ»: