FINTEGRATION․ դասընթացներ, հեքաթոն և հայտարարություն՝ նոր ներդրումային հիմնադրամի մասին

FINTEGRATION․ դասընթացներ, հեքաթոն և հայտարարություն՝ նոր ներդրումային հիմնադրամի մասին

Ամփոփվեց Հայաստանում առաջին անգամ իրականացված FinTech հեքաթոնը, որը կազմակերպել էին Դոմ-Դենիել ընկերությունը և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կենտրոնական բանկի ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի աջակցությամբ։ Fintegration հեքաթոնը, որն ուղղված էր ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների հետագա ինտեգրմանն ու զարգացմանը, բացառիկ էր թե՛ բովանդակային, թե՛ ձևաչափի առումով։

«Fintegration հեքաթոնի իրականացման արդյունքում մենք ցանկանում էինք միավորել ֆինանասական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին և ընկերություններին»,- պարզաբանել է Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը,- «Եվ հաշվի առնելով ֆինանասաբանկային և հեռահաղորդակցության ոլորտներից բարձրաստիճան մասնակցությունը հեքաթոնին՝ կարող ենք վստահ ասել, որ մեր նպատակի առաջին մասն իրականացրել ենք»։

Հեքաթոնին նախորդող 3 օրերի ընթացքում մասնակիցները Երևանում հնարավորություն են ունեցել լսելու Մայքրոսոֆթ կորպորացիայի առաջատար տեխնիկական մասնագետներին, տեղեկանալու նրանց փորձի մասին, ստանալու արժեքավոր խորհուդներ, իսկ բուն հեքաթոնը, որի ընթացքում 18 ժամ էր տրվել՝ նորարարական գաղափարներ գեներացնելու և դրանց նախատիպերը ստեղծելու համար, անցկացվում էր Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի Ուսումնահետազոտական կենտրոնում։

«ԿԲ-ն գիտելիքահեն հաստատություն է։ Եվ մեր մասնակցությունն այս միջոցառմանը պայմանավորված է նրանով, որ այն գիտելիքը, որը ստեղծվում է Հայաստանում, հեշտությամբ ներդրվի ֆինանսական համակարգում»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:

18 ժամ տևած հեքաթոնի ընթացքում 21 թիմերի ներկայացուցիչներն առաջարկեցին տեխնոլոգիական լուծումներ՝ տեղեկատվություն և ֆինանսական գիտելիք ստանալուց՝ մինչև բարդ ժամանակակից լուծումներով ֆինանսական կանխատեսումներ իրականացնելու ծրագրեր։ Մասնակիցների առաջ դրված միակ պայմանը Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics և Bot Framework առաջադեմ տեխնոլոգիական հարթակների կիրառությունն էր՝ իրենց առաջարկները ստեղծելիս։

«Հեքաթոնը հրաշալի տարբերակ է մարդկանց՝ իրենց համար ոչ սովորական պայմաններում միավորվելու և նոր գաղափարներ ստեղծելու համար։ Հայաստանը կարող է դրանից մեծապես օգտվել, քանի որ այստեղ հրաշալի երիտասարդություն կա։ Եվ նրանց կարողությունների համադրությամբ՝ կարող են այպիսի գաղափարներ ի հայտ գալ, որոնք հաջորդ ֆեյսբուքը կարող են դառնալ»,- ասել է Մայքրոսոֆթի Մուլթի Քաունթրի Յուրոփ տարածաշրջանի ղեկավար Մայքլ Կոգելերը։

Հեքաթոնն ամփոփվեց Երևանում։ Հաղթողները 3-ն էին․ «Պարզապես լավագույնը» անվանակարգում հաջողության հասավ Scrival թիմը, որը ներկայացնում էր ֆինանասական կանխատեսումների հարթակ, «Տեխնոլոգիական առաջընթաց» անվանակարգում հաղթեց Iterate թիմը՝ առաջարկելով ՀՀ-ում բոլոր գործարքների գրանցման հարթակ, «Իսկապես ստեղծագործական» էր Botanix թիմը՝ իր բոտ լուծումների համար: Բացի հաղթական արձանիկից՝ թիմերն արժանացան 610000, 377000 և 233000 դրամ պարգևների՝ համապատասխանաբար։

«Հաղթող բոլոր նախագծերը, ըստ հեղինակավոր ժյուրիի տված միավորների, գրեթե հավասար էին։ Եվ հետաքրքրական է այն, որ հաղթողները հիմնականում սկսնակ են ծրագրավորման ասպարեզում և մրցում էին արդեն կայացած ընկերությունների թիմերի հետ»,- ասել է Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը:

Այս հեքաթոնը մայիսին Դոմ-Դենիել-ի և Մայքրսոֆթ Հայաստանի կողմից նախաձեռնված «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն» համաժողովի շարունակությունն էր։

_aso2156

Արտաշես Քալանթարյան

«Հաքաթոնն ավարտվեց, բայց մեր նախաձեռնությունները շարունակվում են,- ասել է Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը;- «Հաջորդ քայլը կլինի ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որն անվանել ենք «Չորրորդ»՝ նկատի ունենալով չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը: Սկզբնական ներդրումը կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու նոր տեխնոլոգիական լուծումներ ստեղծելուն։ Առաջիկա վեց ամիսների ընթացքում կավարտենք նախապատրաստական աշխատանքները, որից հետո հիմնադրամը կգործի նորարար կառավարման համակարգով, որը կլինի ակսելերացիոն կենտրոնի և ներդրումային հիմնադրամի միաձուլում»,- ասել է նա։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ