Ինչպիսի՞ն է ապագայի սուպերմարկետը

Նոր սերնդի վաճառակետերի  Amazon ընկերության ծրագիրը, գալիս է փոխելու շոփինգի մասին ավանդական պատկերացումները: Այլևս ժամանակ չեք ծախսի դրամարկղի մոտ գոյացած հերթերում, պատկերացրեք սուպերմարկետում վերցնում եք այն ինչ անհրաժեշտ է և պարզապես դուրս եք գալիս առանց դրամարկղի մոտ ձեր հերթին սպասելու ու կանխիկ վճարելու:

Amazon-ը շուտով կբացի իր խելացի վաճառակետի դռները, որտեղ գնումներ կատարելու համար ստիպված չեք լինի սպասել: Խանութ կարող եք մտնել սմարթֆոնի օգնությամբ նույնականացվելու միջոցով: Պետք է միացնել Amazon go հավելվածը և անցնել գնումներին:

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, խելացի վաճառակետը ինքնուրույն կհաշվի թե ինչ եք վերցրել, որքան գումար պետք է վճարել և վերջում ձեզ կներկայացնի գնումների ցանկը Amazon go անվճար հավելվածի միջոցով: Եթե անգամ մտափոխվեք և ետ դնեք վերցրածը, ապա կարող եք հանգիստ լինել, այն ավտոմատ դուրս կգա գնումների ցանկից:

Այս գաղափարը Amazon ընկերությունը սկսել է իրականացնել դեռևս 4 տարի առաջ:Սա իրագործելու համար կիրառվել են ինքնակառավարվող ավտոմեքենաներում գործածվող նույնատիպ տեխնոլոգիաներ՝ սենսորային համակարգեր, նոր մակարդակի ճանաչողական տեխնոլոգիաներ, նաև արհեստական ինտելեկտ:

Նախագիծը դեռևս փորձնական շրջանում է, որից օգտվում են միայն Amazon ընկերության աշխատակիցները: Իսկ արդեն մեծ բացումը նախատեսվում է 2017թ. ին: