STEP 2016. Հայտնի են հաղթող 5 թիմերը

STEP 2016. Հայտնի են հաղթող 5 թիմերը

Կայացել է Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը, որի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը ՏՏ ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացման:

STEP 2016-ի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացվեցին, տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, մաքուր տեխնոլոգիաների ոլորտներում 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շրջանակում:

Արդյունքում 5 թիմ հաղթող ճանաչվեց, որոնցից յուրաքանչյուրը կստանա մեկ տարվա խորհրդատվական և ֆինանսական՝ 2.800.000 ՀՀ դրամի չափով մրցանակներ:

Այս տարի ընտրվել են հետևյալ 5 սթարթափերը`

Triple-E. Սա լրացված իրականության (augmented reality) հարթակ է, որը թույլ է տալիս ցանկացած մակերևույթի վրա վիրտուալ օբյեկտներ ավելացնել:

Rumors. Թիմը ներկայացավ վերջերս գործարկած Social Bridge հարթակով, որը թույլ է տալիս Facebook-ի օգտատերերին իրենց գրառումների ու հրապարակումների միջոցով գումար աշխատել:

Appress. Սա հավելված է, որը ֆիլտրում է լրահոսը մեդիասպառողների համար, որը հնարավորություն կտա նաև խուսափել կեղծ լուրերից:

Varkatu.am. Այս հարթակը նախատեսված է բիզնեսը ներդերողների հետ կապելու համար: Այն առաջարկում է նոր լուծումներ օնլայն banking-ի ոլորտում, որը կտարբերվի ավանդական բանկային համակարգից և ավելի կհեշտացնի վարկատուների ու վարկառուների կապը:

Loyal Club. Սա կազմակերպություններին թույլ է տալիս իմանալ իրենց հիմնական սպառողին:

step

itTrend-ի հետ զրույցում մրցույթի կազմակերպիչ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևորեց ամեն տարի ժյուրիի կազմում արտասահմանից հրավիրված անդամների ներկայությունը, որն էլ հետագայում միջազգային ներդրումներ գրավելու հնարավորություն է ընձեռում մասնակիցներին:

«Շատ գաղափարներ մնում են սեղանի վրա, քանի որ չունեն համապատասխան ռեսուրսներ, որպեսզի ավարտին հասցնեն սկզբնական փուլում հետազոտական մասը, նաև շուկայի ուսումնասիրությունը: Բացի ֆինանսկան աջակցությունից, նաև մեկ ըարի աշխատանք է տարվում թիմերի հետ: Այս ծրագրի շնորհիվ 10-ից ավելի տարիների ընթացքում նորաստեղծ կազմակերպությունների մեծ համայնք է ձևավորվել»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը:

Նշենք, որ ամեն տարի դիմում են ավելի քան 90 թիմ, ծրագիրն իրականցվում է 2005-ից:

Նունե Գրիգորյան