2016-ին Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար

2016-ին Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար

Այս տարի Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունների թվաքանակը հասել է շուրջ 540, ոլորտում ներգրավված է 16.000 մասնագետ, իսկ ՀՆԱ-ի վրա ՏՏ ազդեցությունը մոտ 6% է: Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն ամփոփել է տարին, ներկայացրել ՏՏ ոլորտում Հայաստանի գրանցած ցուցանիշները և հիմնադրամի գործունեությունը՝ սկսած 2002-ից:

Տարվա  ամենակարևոր ձեռքբերումներն են Գյումրիում և Վանաձորում տեխնոլոգիական կենտրոնների, նաև Երևանում ISTC ինովացիոն նոր կենտրոնի բացումները: Նախատեսվում է նաև Կապանում բացել տեխնոլոգիական կենտրոն:

Հայաստանում մարզային ակտիվությունից բացի, հաջորդ տարվա համար ինժեներական ոլորտի խոշոր ծրագրեր են մշակվում ՁԻՀ-ի կողմից: Առաջինը՝ Ինժեներական քաղաքն է և երկրորդը՝ Microsoft-ի հետ Կիբերանվտանգության կենտրոնի հիմնումը:

itTrend-ի հետ զրույցում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ամփոփելով տարին կարևորեց այն գիտակցումը, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է, որն իր հետևից կարող է տանել Հայաստանի ամբողջ տնտեսությունը. «Տարին հետաքրքիր էր, որ նոր ուղղություններում քայլեր արվեցին՝ մեծ տվյալներ, արհեստական ինտելեկտ և այլն, որոնք դարձան նոր ներդրումների ուղղություններ: Հայաստանը շարունակում է հաջողությամբ դիրքավորվել որպես ինովացիոն հանգույց ամբողջ տարածաշրջանում»:

Նշենք, որ ըստ ՁԻՀ տվյալների ոլորտի մասնագետների կեսից ավելին պատրաստվում են հիմնադրամի իրականացրած կրթական ծրագրերով, դրանց շահառուների քանակը գերազանցում է 20.000-ը։ Ընդհանուր առմամբ ակսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն:

Հիմնադրամն աջակցում է Մոլդովային, Մոնտենեգրոյին, Բահրեյնին, Ջամայկային, ինչպես նաև Թայվանին ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներին ՏՏ ոլորտի զարգացման հարցում: