Մատչելիոթյան քարտեզում սեփական ներդրումն արդեն կարող են ունենալ iOS օգտատերերը: Հայկական Matcheli Vayrer հավելվածն արդեն թողարկվել է iOS համակարգի համար:
Մատչելիության քարտեզը՝ matcheli.am կայքն ու Matcheli Vayrer հավելվածը Հայաստանի քաղաքների ու գյուղական համայնքների ֆիզիկական մատչելիության վայրերի մասին տեղեկատվություն հաղորդող հարթակ է:
Հարթակը հատկապես նախատեսված է տեղեշարժման խնդիր ունեցողների՝ հաշմանդամային սայլակից օգտվողների համար: Այն օգնում է տեղեկանալ իրենց համայնքներում առկա ենթակառուցվածքների մատչելիությանը:
Ինչպես նաև, մանկասայլակով փողոց դուրս գալիս, հեծանիվ կամ անվաչմուշկ վարելիս` հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկանալ, ստուգել, թե որքանով է մատչելի նախընտրելի վայրը, փողոցը, շինությունը և հնարավոր է արդյոք այնտեղ հասնել առանց խոչընդոտների:
Այն նաև թույլ է տալիս տեղադրել հանդիպած մատչելի փողոցների, շենքերի ու հանրային տարածքների մասին տեղեկություններ: Անհրաժեշտ է նկարել հանդիպած մատչելի վայրը, նշել հասցեն «Մատչելի վայրերի» քարտեզի վրա և նկարագրել, թե ինչու է այն մատչելի: Այս կերպ կկարողանանք օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:
Հավելվածն անվճար է և հասանելի ներբեռնման համար Android և iOS համակարգերում:
Նունե Գրիգորյան