Նոր «ԱրՄաթ» Գյումրիում

Հունվարի 25-ին Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Այն Գյուրիում թվով 10-րդն է: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով:

Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության և ծրագրավորման ժամանակակից հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ապահովում է նաև պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման և աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են նաև տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ և այլն:

unnamed (2)

Նշենք, որ «Դեպի առաջ» կենտրոնում հիմնված «ԱրՄաթ» խմբակ լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: ԻՏՁՄ-ն ծրագրում է «ԱրՄաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում: Այժմ գործում է 197 լաբորատորիա: «Դեպի առաջ» կենտրոնում բացված «ԱրՄաթ» լաբորատորիան Գյումրու թվով 10-րդ ինժեներական խմբակն է, իսկ Շիրակի մարզում՝ 19-րդը:

Ի դեպ, «ԱրՄաթ» կրթական ծրագիրն արժանացել է 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):