Հայկական Zangi-ն կթողարկվի նաև web տարբերակով

Zangi-ն շուտով կթողարկվի նաև web տարբերակով: itTrend-ի հետ զրույցում Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը հաղորդեց, որ նախատեսվում է գործարկել beta web տարբերակը մինչև փետրվարի վերջ: Սկզբնական շրջանում web-ում հասանելի կլինի միայն ինտերակտիվ հաղորդագրությունների հնարավորությունը, որից հետո կարճ ժամանակում կներդրվի բոլոր այն ֆունկցիաները, որոնք հասանելի են Zangi մոբայլ հավելվածում, այդ թվում նաև տեսակոնֆերանսի հնարավորությունը:

Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Zangi-ն առաջին հայկական ընկերությունն է, որ կմասնակցի  այս տարի Բարսելոնայում փետրվարի 27-ից մինչև մարտի 3-ը կայանալիք Mobile World Congress-ին, որտեղ կներկայացնեն ընկերության արտադրանքը:

Նշենք, որ հայ ծրագրավորողների Zangi հավելվածով հնարավոր է իրականացնել տեսա և ձայնային զանգեր, ինչպես նաև ուղարկել ինտերակտիվ հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսանյութեր, այն ունի տեսակոնֆերանսի հնարավորություն, անվտանգության լուծումներ՝ կորպորատիվ հաճախորդներին սպասարկելու համար, նաև հասանելիության, ձայնի և պատկերի որակական առավելություններ, հայկական սթիքերներ:

Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար, վերջին տվյալներով բեռնումների թիվը 1 միլիոնից ավելի է:

mwc-zangi-pavilion

Նունե Գրիգորյան