«Արմաթի» սաները ցուցադրել են ձեռքբերումները

«Արմաթի» սաները ցուցադրել են ձեռքբերումները

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են վերջին տարվա ընթացքում:

Նրանք հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ: Բացի այդ, այստեղ նրանք տարբեր սարքավորումների և ռոբոտների մոդելներ նախագծելու հնարավորություն ունեն:

Ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

IMG_9534

«Մենք միշտ հպարտանում ենք արտերկրում բնակվող հայազգի ինժեներների առաջարկած տարբեր նորարարական լուծումներով: Վստահ եմ, որ վաղն Արմաթ լաբորատորիաների սաներից շատերի անունները նույնպիսի հպարտությամբ ենք նշելու, ընդ որում հենց այստեղ՝ Հայաստանում, որը բաց է այդ լուծումների համար», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։