Կայացել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ

Կայացել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ԴիջիԿոդը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների մոտ: Այս տարի մրցույթին դիմել էին  ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 360 դպրոցականներ, որոնցից  տարբեր դպրոցների 40 լավագույնները մասնագիտական ժյուրիի անդամներին ներկայացրեցին իրենց ստեղծած խաղերը:

Դպրոցականները մրցեցին մինչև 13 տարեկան և 13 տարկենանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ», «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» «Լավագույն դիզայն» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերի համար: Մրցույթի ծրագրավորման լեզուն  Scratch-ն էր:

Այսպիսով՝ մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում «Լավագույն խաղ» անվանակարգում նշված տարիքային խմբերում հաղթել են համապատասխանաբար Գավառի 3-րդ դպրոցի աշակերտ Արեն Բադալյանը իր «Հետաքրքիր մաթեմատիկա» խաղով և Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտ Ռազմիկ Սարգսյանը իր «Պայքար կեսի համար» խաղով:

 «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգի հաղթողներն են Երևանի Smart City կենտրոնի սան Հելեն Քոսոյանը իր «Խելացի վերելակ» և Արծվաբերդի դպրոցի աշակերտ Վահագն Զարգարյանը իր «Physics lab» խաղով:

 «Լավագույն մտահաղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը իր «After World» խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը  իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում»  խաղով:

Ժյուրիի կազմում ընդգրված էին Ինստիգեյթ, Ֆայմտեք, Լևիաթան և այլ առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել է նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողները որոշվում են ՀՀ բոլոր մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների քվեարկությամբ: Արմաթականները արդեն ծանոթացել էին MIT կայքում տեղադրված խաղերին և իրենց գնահատականները հնչեցրել են վիդեոհաղորդագրությունների տեսքով:

«Արմաթի մրցանակին» արժանացել են Գյումրու ընտանիք կենտրոնի սան Սահակ Սահակյանը (Help C# to get programmers Love) և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի աշակերտ Մովսես Մարդանյանը (Mr. Marvin):

ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից արժանացան դրամական պարգևների, ստացան բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ: