Նոր տեխնոլոգիաներն ու գովազդը. Խորհուրդներ Mail.ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնևից

Նոր տեխնոլոգիաներն ու գովազդը. Խորհուրդներ Mail.ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնևից

Երևանում առաջին անգամ անցկացվեց Digital Day Mail.Ru կոնֆերանսը, որի նպատակն էր ներկայացնել Mail.Ru Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքներին, հնարավորություններին և առավելություններին:

itTrend-ը զրուցել է կոնֆերանսի հատուկ հյուր Mail.ru Group-ի myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կոնևի հետ: myTarget-ը Mail.ru Group-ի գովազդային հարթակն է, որը թույլ է տալիս տեղադրել թվային գովազդ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների սոցցանցերում և ծառայություննեում, որը հասանելի է ավելի քան 140 մլն. մարդու:  

Ի՞նչ հնարավորություններ է տալիս թվային թիրախավորված գովազդը բիզնես ընկերություններին, ո՞րն է դրա առանձնահատկությունը:

-Ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ գովազդային արշավը կարելի է շատ հստակ ուղղել հենց այն լսարանին, որը փնտրում է նման առաջարկ: Մենք, օրինակ, գիտենք սուրճի սիրահարներին, կամ էլ մարդկանց, որոնք ատում են ծխելը և նման մանրամասն տեղեկությունները օգնում են ճշգրիտ տեղադրել գովազդը:

Մեկ այլ առանձնահատկություն էլ հսկայական լսարան ընդգրկելն է: Սոցցանցերի բազմամիլիոնանոց օգտատերերի շրջանում կարելի է գտնել ցանկացած հետաքրքրության տեր մարդկանց և վաճառել ամեն ինչ: Օգտատերերը գրեթե բոլորն էլ աշխատում են, բոլորն էլ գնումներ են կատարում և կարելի է առաջարկել հենց այն, ինչ իրենց պետք է:

Ի՞նչ գործիքակազմ է առաջարկում myTarget-ը թիրախավորման համար, որոնք են առավելությունները:

-Մենք առաջարկում ենք հարթակ, որտեղ մեր հաճախորդներն ինքնուրույն կարող են տեղադրել գովազդներ՝ առանց մեր անմիջական մասնակցության: Մեր առանձնահատկությունն այն է, որ ցանակացած ժամանակ՝ 7 օր, 24 ժամ  հնարավոր է ղեկավարել գովազդային արշավը և փոխել թիրախավորման կարգավորումներն ըստ արդյունավետության: Մենք առաջարկում ենք կարգավորումների լայն շրջանակ: Հեշտ օգտագործվող ու պարզ ինտերֆեյսը թույլ են տալիս գովազդատուին արագ կողմնորոշվել՝ ինչպես տեղադրել գովազդ և մի քանի րոպեում իրականացնել գործողությունը:

Որո՞նք են  գովազդատուների ամենատարածված սխալները, որոնցից խորհուրդ կտաք զերծ մնալ:

-Առաջին հերթին, մարքետոլոգները կամ էլ բիզնեսի ղեկավարները առաջնորդվում են կարծարտիպերով, օրինակ, շատերին թվում է, odnoklassniki-ում ակտիվ է երիտասարդությունը,  այնինչ թվերը ցույց են տալիս հակառակը: Այստեղ գերակշռում է տարիքով լսարանը: Պետք է վստահել վիճակագրական ցուցանիշներին ու առաջնորդվել թվերով:

Մտածում են հիմա կգան, կսկսեն գովազդային արշավ. մեկ-երկու ցուցադրումից հետո վերջ. բիզնեսը աննախադեպ կաճի: Բայց այդպես չի լինում: Օգտատերերի պահվածքը փոփոխական և անկանխատեսելի է: Գովազդը զարգացող ու շարունակական բնույթ պետք է կրի:

Հաջորդը, պետք է սեգմենտավորել լսարանը, մշակել բազմակողմանի կրեատիվ գաղափարներ ու պատկերներ: Աղջիկների, տղաների, ծնողների համար առանձին առանձին համապատասխան ուղերձներով:

Նաև խորհուրդ կտամ գովազդատուներին ուշադրություն դարձնեն կայքի վրա, եթե այն 10 վայրկյանից ավելի ժամանակ է խլում բացվելու համար, ապա դրանով չարաշահում են հաճախորդի համբերությունը և գովազի իմաստը կորում է, կամ էլ գովազդն ուղորդում է կայքի գլխավոր էջ, այլ ոչ թե տվյալ ապրանքի էջ և այլն: Սրանք հիմնական 3 սխալներն են, նաև պետք է միշտ ձեռքը զարկերակի վրա պահել, տեղյակ լինել՝ ինչ է աշխարհում կատարվում:

Ինչպե՞ս են ազդում աշխարհում նորարար տեխնոլոգիաների զարգացումը գովազդի շուկայում, որո՞նք են ներկայումս գլխավոր թրենդները:

-Հիմա ամենագլխավոր թրենդը մոբայլ գովազդն է: Օգտատերերը շատ են շփվում մոբայլ տարբերակով: Եթե գովազդատուներից ոմանք դեռ չեն օպտիմիզացրել իրենց կայքերը և դրանք mobile-friendly չեն, ապա դա մեծ բացթողում է, դրա մասին պետք էր մտածել դեռ երեկ: Մոբայլ հավելվածները թույլ են տալիս մեծ լսարան հավաքել:

2-րդը՝ գովազդի անհատականացումն է: Առաջ մի գովազդը բոլորի համար էր, հիմա, այդպես չէ: Օրինակ, մեքենա վարողներին առաջարկում են կոնկրետ ընկերության կոնկրետ մոդելներ, արդեն իսկ իմանալով՝ ի՞նչ մեքենա է նա վարում և ի՞նչը կհետաքրքրի: Կառանձնացնեմ, այս երկու գլխավոր թրենդները:

Ի՞նչ նոր հնարավորությունների և գործառույթների ներդրման վրա եք հիմա աշխատում, ի՞նչ սպասել:

-Մեր թիմն այնքան էլ չի սիրում խոսել դեռ չարած գործերի մասին, բայց կարող եմ ասել, որ հիմա կենտրոնացած ենք մոբայլ գովազի վրա, ավելի մանրակրկիտ թիրախավորման, սեգմենտավորման համար հավելյալ հնարավորություններ ենք մշակում: Հետևում ենք աշխարհի թրենդներին:

Նշենք, որ Ալեքսանդր Կոնևը կոնֆերանսի ընթացքում իր ելույթում համեմատեց Հայաստանում սոցցանցերի (Odnoklassniki, Facebook, Vkontakte, Instagram) օգտատերերի դեմոգրաֆիկ պատկերը, պահվածքը սոցցանցերում և հետաքրքրությունների շրջանակը: Մանրամասներին ծանոթացեք այստեղ