Girls in Tech. Հայաստանում 1-ին անգամ կայացավ Power Builder Bootcamp աղղջիկների ու կանանց համար

Փետրվարի 26-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ: Ճամբարը կազմակերվել է Girls in Tech Հայաստանը՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և USAID-ի հետ համագործակցությամբ:

Թեման վստահության և ուժի կառուցումն էր, որն առցանց վարում էր բիզնեսի և առաջնորդության խորհրդատու, Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանի դասախոս, ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը:

ISTC կենտրոնում հավաքված մոտ երկու տասնյակ կանայք և աղջիկները նախ ծանոթացան, թե սեփական եսի որ բացասական կողմերն են խոչընդոտում  համաձակությանն ու նոր քայլեր կատարելուն: Ապա մի քանի խմբային աշխատանքների և խաղերի միջոցով մասնակիցները բացահայտեցին, թե որն է իրենց տեսլականը, ինչն է խանգարում գտնել դեպի այն տանող ճանապարհը և գործող բիզնեսների վերածել գլխում պտտվող հետաքրքիր գաղափարները:

«Մենք աշխարհն ու երևույթները միշտ ընկալում ենք արդեն սովորական դարձած փաստերի հիման վրա, բայց ամեն ինչ կփոխվի, եթե «նոր ակնոցներ կրենք» կամ փոխենք մեր հայացքն ու այլ շրջանակի մեջ տեղավորենք իրականությունը», – բացատրում էր Հիլարի Վեբերը:

Հիլարի Վեբերը կրթական թեմատիկ այս ճամբարը մշակել է Girls in Tech կազմակերպության համար և անցկացնում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մասնաճյուղերի համար՝ ԱՄՆ-ից մինչև Հնդկաստան և Թայվան:

Ճամբարը ևս երկու մոդուլ ունի, որոնք բացառապես կանանց գործարարությանն են վերաբերում: Girls in Tech Հայաստանը նպատակ ունի գարնան ընթացքում կազմակերպել նաև այդ երկու մոդուլներն արդեն տեղում՝ Հիլարիի ներկայությամբ էկրանից այս կողմ:

«Մեզ շատ հաճելի է, որ Girls in Tech Հայաստանի առաջին նախաձեռնությունն այսքան կանանց և աղջիկների հետաքրքրեց, վստահ ենք, որ անկախ անձի զարգացման աստիճանից՝ ճամբարի շատ հատվածներ իսկապես արդյունավետ ու օգտակար էին բոլոր մասնակիցների համար», – նշել է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Girls in Tech Հայաստանի նպատակների ու գործունեության մասին  itTrend-ի հետ Սեդա Պապոյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Նունե Գրիգորյան