Հաջողության պատմություն. RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյան

Հայկական RenderForest-ն առցանց տեսանյութերի ստեղծման հարթակ է, որը թույլ է տալիս ինքնուրույն, կարճ ժամանակում պատրաստել հեռարձակման որակի ստանդարտներին համարժեք տեսանյութեր: itTrend-ը սթարթափի հիմնադրաման, առաջին քայլերի, դժվարությունների ու առաջխաղացման մասին զրուցել է սթարթափի հիմնադիր Նարեկ Սաֆարյանի հետ: 

Սիրելի սմարթֆոն` iPhone (iOS օպերացիոն համակարգ)

Սիրելի հավելված` SoundCloud, Facebook Messenger

Սիրելի սոցցանց` Facebook, LinkedIn

Բջջային խաղ` չի խաղում

Գաղափարից մինչև առաջին քայլեր 

Մենք որպես վիդեոարտադրության ստուդիա ստեղծվել ենք 2012-ին: Այդ ժամանակ 3-4 հոգի էինք և հիմնականում ստեղծում էինք անիմացիոն հոլովակներ (explainer animation) տարբեր սթաթափների համար ու ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ շատ սթաթափներ ուղղակի գումար չունեն, որպեսզի պատվիրեն ձեռագործ անիմացիոն վիդեոներ: Քանի որ այդ ժամանակ, ինչպես հիմա այդ լուծումներն այնքան էլ մատչելի չեն:

Սթարթափները հրաժարվում էին նման ծառայություններից, այստեղից առաջացավ գաղափար՝ ստեղծել մի հարթակ, որտեղ ինքնասպասարկման եղանակով կարճ ժամանակում հենց իրենք կկարողանան պատրաստել տեսանյութեր:

Առաջին քայլը եղավ շուկայի ուսումնասիրությունը: Արդյունքում պարզվեց, որ կային լուծումներ, որոնք PowerPoint-ի բազայի հիման վրա էին: Հնարավոր էր ստեղծել անիմացիաներ, սլայդշոուներ, որոնք չէին կարող համարվել պրոֆեսիոնալ, քանի որ պարզունակ էին, նման էին պրեզենտացիայի: Կամ էլ օգտատերը պետք է ֆոնդային կայքերից գտներ շաբլոններ, խմբագրեր: Թանկ էր ու ժամանակատար:

Մեկ ու կես տարվա անքուն գիշերներ ու առաջին գնորդ Հարավային Կորեայից 

2015թ. հունվարին մենք beta տարբերակը գործարկեցինք, բայց սկսեցինք մշակել ծրագիրը 2013թ. օգոստոսից, մշակման աշխատանքները տևեց 1 ու կես տարի: Օրական 20 ժամ ու ավել աշխատում էինք, հսկայական աշխատանք էինք տանում ու երբ արդեն գործարկվեց, կատարվեց առաջին գնումը, այդ ժամանակ մի ուրիշ զգացողություն ունեցանք:

Մեր առաջին վաճառքը զարմանալիորեն եղել է Հարավային Կորեայից: Միշտ սպասում էինք, որ առաջինը  ԱՄՆ-ից կլինի: Դրանից հետո ամեն հաջորդող վաճառքին ուշադրություն էինք դարձնում, որն է հաջորդը:

Խոչընդոտներ ու դրանց հաղթահարումը օգտատերերի մասնակցությամբ

Կար brainstorming-ի խնդիր: Պետք էր երկար մտածել, գտնել լուծումներ, որոնք հարմար և օգտագործելի կլինեին: Մեր առաջին տարբերակում կային օգտագործելիության անհարմարություններ: Հաճախորդների արձագանքների, կարծիքների վերլուծության հիման վրա՝ մենք ստեղծեցինք 2-րդ սերնդի խմբագրիչը, որն արդեն ավելի շատ գործողություններ էր թույլ տալիս:

Հետո արդեն թողարկեցինք 3-րդ սերնդինը՝ նոր ֆունկցիաներով ու հնարավորություններով համալրված: Պլատֆորմը ֆունկցիոնալ էր դառնում, բարդանում էր: Դա էր պատճառը, որ հիմա՝ 2 տարի անց, մեր խմբագրիչը 4-րդ անգամ է վերաթողարկվում, որը կունենա ավելի պարզ ինտերֆեյս միաժամանակ կպահպանի ֆունկցիոնալությունը:

Ներդրումներն ու մինչև 1 մլն. դոլարի հասնող ներդրումային ծրագրից հրաժարվելը

Համաշխարահային բանկի և ՁԻՀ-ի կողմից ստացած ֆինանսավորմամբ բացեցինք Գյումրիի մեր մասնաճյուղը: 2015թ. օգոստոսին մասնակցենցինք Rise Conference-ին, երբ հարթակը դեռ նոր էր զարգանում և օրական 100 գրանցում ուներ միայն: Հաջորդ տարի մասնակցել ենք Web Summit 2016-ին, ներկայացրինք մեր պրոդուկտը: Մոտ 200 հազար դոլարի չափով ներդրումի հնարավորություն ստացանք KPMG China-ից, բայց հրաժարվեցինք:

Լիսաբոնում էլ մինչև 1 մլն դոլարի հասնող ներդրումային ծրագրի հնարավորություն կար, բայց կրկին հրաժարվեցինք: Փորձում ենք ապացուցել, որ հնարավոր է ունենալ հայկական պրոդուկտ առանց արտասահմանյան կապիտալի և դառնալ գլոբալ ճանաչված հարթակ:

Աճող ցուցանիշներ, ընդլայնվող աշխարհագրություն, մարքեթինգային ռազմավարություն

2015-ից մինչև 2016-ի հունվար մենք ունեցել ենք ընդամենը 50 000 օգտատեր: Ամեն ամիս 30-40% աճ էր գրանցվում: Սկզբում դանդաղ էր աճը:

Այժմ մոտ 800 հազար օգտատեր ունենք: Շուկայի մեծ մասը՝ 40%-ը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Հայաստանից օգտատերեր գրեթե չկան: 2016թ. ամբողջ ընթացքում մեր տեսանյութերը դիտվել են 1 մլն. անգամ: Հիմա նույն ցուցանիշը գրանցվել է վերջին 30 օրվա ընթացքում: Օրական 3-4 հազար նոր օգտատերեր է ավելանում, պատրասվում է 1 ու կես մլն. վիդեո:

Աշխարհագրական գլխավոր թիրախները Միացյալ Նահանգներն են, 2-րդը՝ Անգլիան ևԱրևմտյան Եվրոպայի երկրներն են: Փորձում ենք այլ շուկաներ էլ մտնենք, կայքը թարգմանել ենք 7 լեզուներով: Մեր մարքեթինգային ռազմավարության համաձայն ամբողջ գումարը ներդրվում է հետ՝ ընկերության առաջխաղացման վրա:

Թիմ, սկզբունքներ

Մինչև 2016թ. հունիս 7-8 հոգի էինք, հիմա մոտենում ենք 30-ի: Ֆինանսական հնարավորությունները մեզ թույլ տվեցին կրտուկ մեծանալ անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբում:

Մեր թիմում միասնությունը մեծ է, փորձում ենք ներգրավել քիչ, բայց որակյալ, նվիրված ու պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր պատրաստ են զարգանալ մեզ հետ միասին:

Մեզ համար շատ կարևոր էր կառուցել զուտ հայկական արտադրանք: Շատերը խուսափում են ներկայացնել երկիրը, հասցեն, մեր դեպքում այդպես չէ: Հայաստանյան գրանցումը չի ազդում վաճառքների վրա: Հաճախորդի համար դա կապ չունի, եթե առաջարկվող պրոդուկտը որակյալ է:

Նպատակներ ու սպասվող նորություններ

Renderforest-ը աշխատում է web տարբերակով, չունի դեռ iOS և Android հավելվածներ, պատրասվում ենք այս տարի թողարկել: Ֆոնդային կադրերի ինտեգրացիայի վրա ենք աշխատում: Պարզեցնում ենք ինտերֆեյսը:

Հիմա զարգացնում ենք ամպային ծառայությունները: Մշակում ենք ամպային վիդեո խմբագրիչ (cloud video editing): Օգտատերերի համար ավելի նախընտրելի է ամեն ինչ խմբագրել միանգամից բրաուզերի մեջ՝ առանց հավելյալ ծրագրերի օգտագործման ու միանգամից  հրապարակել իրենց էջերում:

Ինչպես նաև, այժմ բանակցում ենք General Electric ամերիկյան ընկերության հետ՝ իրենց համար տեսանյութեր պատրաստելու շուրջ:

Ամենակարևորը սթարթափում

Նախ պետք է զբաղվել թվային մարքեթինգով: Հրաշալի սթարթափը ու գաղափարը կարող է չունենա օգտագործող: Գործի կեսը օգտագործող գտնելն է, մենք մեր մաշկի վրա զգացել ենք թե որքան դժվար է առաջխաղացնել պրոդուկտը: 2-րդ կաևոր խորհուրդը՝ հաշվի առնել օգտատերերի կարծիքները, հավաքել արձագանքներ, վերլուծել դրանք:

Renderforest-ի հաջողության գրավականը

Իրականում մեր պլատֆորմը ոչ թե մենք ենք ստեղծել, այլ հենց օգտատերերը: Հաջողության բանաձևը միգուցե մի քանի գործոնների միասնությունն է՝ լավ ինտերֆեյսը, որակը, լավ սպասարկումը. ամեն ինչ միավորված կազմում է մեկ իդեալական մեխանիզմ:

Նունե Գրիգորյան