Երևանում տեղակայվել է Cloudflare տվյալների նոր շտեմարանը՝ Ucom-ի նախաձեռնությամբ

Երևանում տեղակայվել է Cloudflare տվյալների նոր շտեմարանը՝ Ucom-ի նախաձեռնությամբ

Օրեր առաջ հայտնեցինք, որ Cloudflare ընկերությունը տվյալների կենտրոն կբացի Երևանում: Այսպիսով, Ucom ընկերության նախաձեռնությամբ տվյալների նոր շտեմարան է տեղակայվել Երևանում, և այդ գործընթացը շարունակական բնույթ կկրի աշխարհի հինգ մայրցամաքների համար: Հայաստանի մայրաքաղաքում տվյալների շտեմարանի տեղակայումը Ասիայում 37-րդն էր, իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 103-րդը:

Cloudflare-ը կայքերի պաշտպանության ու քեշավորման համաշխարհային համակարգ է: Cloudflare-ի այս վերջին տեղակայումը համացանցի ավելի քան 6 միլիոն աղբյուրները կդարձնի ավելի արագ հասանելի և ավելի ապահով՝ Հայաստանի ուղղությամբ տրաֆիկի սպասարկման ընթացքում:

Մասնավորապես՝ Հայաստանում Ucom-ի ծառայություններից օգտվող ինտերնետ-օգտատերերի համար Cloudflare-ի նոր շտեմարանի շնորհիվ սպասման ժամանակը (մվ) նվազել է 6 անգամ: «.am» դոմենային տիրույթի 768 հայկական կայքեր արդեն կցված են այս համակարգին, ինչն ապահովում է դրանց հասանելիության արագությունն ու անվտանգությունը:

«Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, որ երկարատև բանակցություններից հետո կարողացել է հասնել հաջողության ու ներդնել այս տվյալների շտեմարանը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան հետխորհրդային տիրույթում առկա էր միայն Մոսկվայում»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ խոսելով Հայաստանի, և հնարավոր է՝ հարակից երկրների համար այս կարևոր ձեռքբերման մասին:

«Յուքոմ ընկերությունն Cloudflare-ի կողմից ընտրվել է որպես խոշորագույն տարածաշրջանային կապուղիների օպերատոր և դրա շնորհիվ է, որ այս գործակցությունը կայացել է»,-նշել է ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը՝ ընդգծելով Ucom ընկերության տեխնիկական հագեցվածության և անձնակազմի պատրաստվածության բարձր աստիճանը: