Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի սթարթափներին

200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ՏՏ ոլորտի սթարթափերի ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը:

«Հայաստանում բիզնես սկսող ընկերությունները, ունենալով փայլուն գաղափարներ, հաճախ հանդիպում են ֆինանսական դժվարությունների, և կայացած ընկերություններին առաջարկեցինք աջակցել սկսնակներին»,-ներկայացրել է Վահան Մարտիրոսյանը:

Նախնական փուլում ախատեսվում է ֆինանսավորել 10 գաղափար: Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 13-ը: Գաղափարները պետք է  վերաբերեն ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների ոլորտներին:

Տրամադրվելու են ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական, հաշվապահական աջակցություն:

Նախարարը շեշտեց, որ ծրագրի ներկայի բյուջեն նախնական է, և արագ աճի պոտենցիալ ունի` հասնելով միլիոնների: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ` «բիզնես հրեշտակներ»-ի (angel investor) մասնակցությամբ:

Հիմնադրամը կֆինանսավորի ոչ թե արդեն ստեղծված ընկերություններ, այլ հենց բիզնես գաղափարը` սկզբնական փուլում: