Ucom-ը 100% կրթաթոշակի հավաստագիր է տրամադրել Շիրակացու ճեմարանի սանին

Ucom-ը 100% կրթաթոշակի հավաստագիր է տրամադրել Շիրակացու ճեմարանի սանին

Ապրիլի 1-ին Շիրակացու ճեմարանում մեկնարկեց «Շիրակացու օրեր» փառատոնը, որը ազդարարվում է տասներորդ դասարանցիների` անհատական նախագծերի ներկայացմամբ: Փառատոնի բացման արարողության ժամանակ հավաստագրեր են հանձնվել Դիպլոմային ծրագրով սովորող` կրթաթոշակի արժանացած սաներին:

Մեկ տարի շարունակ տասներորդ դասարանի սաները ընտրել, ուսումնասիրել, հետազոտել են իրենց համար կարևոր մեկ թեմա, որն առավել հոգեհարազատ է իրենց, բավարարում է սեփական հետաքրքրությունները և հնարավորություն է տալիս նորարար լինել այդ թեմայի շրջանակում:

Անհատական նախագիծը MYP ծրագիրն ավարտող սաների վերջնական հետազոտական աշխատանքն է և միաժամանակ հիմքն այն մյուս բոլոր աշխատանքների, որոնք նրանք դեռ պետք է իրականացնեն հետագայում` թե ճեմարանում, թե ԲՈՒՀ-ում:

Անհատական նախագծերի ներկայացումը նշանավորվեց կարևոր նորությամբ. Ճեմարանը սահմանել է ճեմարանական կրթաթոշակ Դիպլոմային ծրագրում սովորողների համար, որից ամենամեծի հովանավորությունը ստանձնել է Ucom ընկերությունը:

100% կրթաթոշակի արժանացած սան` Արմինե Կարապետյանին հանձնելով այդ մասին վկայող հավաստագիրը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընգծեց. «Քանի որ Ucom ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում առանձնանում է հենց կրթական նախագծերում իր ներդրումներով, այսօր մենք չէինք կարող անմասն մնալ այս միջոցառումից: Արմինե Կարապետյանին հանձնելով 100% կրթաթոշակի հավաստագիր մենք ևս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ անկախ երեխայի ծնողների ու հարազատների ֆինանսական հնարավորությունից ու բնակության վայրից, խելացիությունը, լավ առաջադիմությունը, ուշիմությունը, կրթվելու ցանկությունը, նպատակասլացությունը միշտ հատուցվում է: Սա մեծ աշխարհում հայտնվելու լավ հիմք է ու մեծ աշխարհին՝ ապագայում օգտակար լինելու փայլուն հնարավորություն»:

Տասներորդ դասարանից հետո ճեմարանական սաները կարևոր որոշման առջև են կանգնում. ընտրել հետագա կրթությունը ազգային ծրագրով, թե համարձակվել «անցնել ռուբիկոնն» ու դիմել Դիպլոմային ծրագրով ուսումը շարունակելու: