Տեխնո-ուրբաթ՝ մոտիվացնող հանդպիպումների շարք ՏՏ ոլորտով հետաքրքրվողների համար

Տեխնո-ուրբաթը հանդիպումների և սեմինարների շարք է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր ուրբաթ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Միջոցառումների շարքը մեկնարկել է 2016թ-ից: Մոտիվացնող և տեղեկատվական հանդիպումներ՝ ՏՏ ոլորտով հետաքրքվող երիտասարդների, ՏՏ ստարտափների համար:

Միջոցառման ընթացքում տեխնոլոգիական մարտահրավերների մասին են խոսում ոլորտի ամենահաջողակները. սխալներ, ձախողումներ ու դրանց արդյունքում ՀՀ և արտասահմանյան շուկայում ամենաամբիցիոզ լուծումները ստեղծելու և ճանաչելի դարձնելու գաղտնիքներն են բացահայտում: Նրանք ներկայացնում են նաև հաջողության պատմություններ, խոսում հատուկ կարևորության ու պահանջարկ ունեցող թեմաներից։

«Առհասարակ կարևորում եմ նմանատիպ միջոցառումների դերը և նշանակությունը գյումրեցի և ինչու չէ նաև մարզերի ներկայիս երիտասարդների համար։ Սեմինարները իրենց բնույթով և’ գիտական, և’ ինտելեկտուալ, և’ մոտիվացնող, և’ զարգացնող են, ինչը միանգամայն կարող եմ ասել մի նոր քայլ է ուղղված գրագետ հասարակության ձևավորմանը»,-նշում է Տեխնո-ուրբաթի մշտական մասնակից Հասմիկ Հակոբյանը:

Տեխնո-ուրբաթի երկարաժամկետ նպատակը մասնագետների աջակցությամբ մարզի երիտասարդների իրազեկվածության և կարևորության գնահատականի բարձրացումն է՝ անկախ բնակության վայրից։

Տեխնո-ուրբաթը հյուրընկալել է այնպիսի ընկերությունների հիմնադիրների և ներկայացուցիչների, ինչպիսիք են՝ ARLOOPA, Microsoft Information Center Armenia, Synergy International Systems, PicsArt, BSC support Center, FimeTech, HelpSystems, Onex, staff.am, RenderForest, ggTaxi, AYB Educational Foundation, ISTC և այլն: