Երևանում մեկնարկել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը

Երևանում մեկնարկել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը

Երևանում առաջին անգամ մեկնարկել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում, որի  նպատակն է Հայաստանում և Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

Միջոցառումը կազմակերպել են Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ:

Հայաստանից հրավիրված ներդրումներով հետաքրքրված գործարարները, ՏՀՏ և բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ ներդրող դառնալու հիմունքներին, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:

ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջն ընդգծում է. «3 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաջողությամբ իրականացված փոխայցելությունների  արդյունքում մենք հասկացանք, որ ժամանակն է կենտրոնանալ էկոհամակարգի այլ շահառուների վրա և մշակել ծրագիր հրեշտակ ներդրողների համար»:

 ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է. «Մեր նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել սթարթափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց: Նմանատիպ ցանցերի հաջողված օրնակներ կան աշխարհում, և մեր նպատակն է ներդնել այս կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև խթանել երկու երկների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»:

Միջազգային փորձի ներդրման և հարաբերությունների հաստատման նպատակով իրենց փորձը հայաստանյան գործընկերների հետ կիսում են Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի  հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, ինչպես նաև` Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը:

Նրանք նաև հետաքրքրված են բացահայտել Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները և մասնավորապես ՏՀՏ ոլորտի զարգացումները: Այս նպատակով նախատեսվում է հանդիպում ՏՀՏ ոլորտի սթարթափների հետ:

Հայաստանյան սթարթափներին հնարավորություն կտրվի հանդիպելու Սիլիկոնյան հովտից, Գերմանիայից և Թուրքիայից ժամանած փորձառու հրեշտակ ներդրողներին, ներկայացնել իրենց սթարթափները, նրանց ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ ներդրումներ ներգրավելու և հաջող գործունեություն իրականացնելու վերաբերյալ արժեքավոր խորհուրդներ, հաստատել կապեր: