Հայտնի են դարձել Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:
Այսպիսով IMG մրցույթում ընտրվեց 10 հաղթող, որոնք կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեց 5 հաղթող, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:
IMG մրցույթի հաղթողներն են՝
- Volterman Smart Wallet
- Chessfimee
- Embry
- WiseLogger
- Skycryptor
- Xcloud Conductor
- ShellGuard
- OnYourWay
- Pixomatic
- FPGA Key Value Database for IoT
STEP ծրագրի հաղթող ստարտափերն են՝
- Financial Tech
- CNC Machine line
- One – Click key
- Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms
- CDM for Education, Based on New Generation Optical Element:
Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի և ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առևտրայնացման ռազմավարություններ մշակման և նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի և ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության և գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաև հետագայում ևս շարունակելի է:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների:
Ժյուրիի անդամներից պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. ‹‹Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգևորիչ էին և որոշ ներկայացումներ հրաշալի էին և դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները և արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ և ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում››:
Նշենք, որ այս ծրագրերն իրականացվում են ՁԻՀ-ի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Նունե Գրիգորյան