Թումո Բանակ ծրագրի արցախյան փուլի պաշտոնական մեկնարկը տրված է

Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է Թումո Բանակ ծրագրի արցախյան փուլի պաշտոնական մեկնարկը:

Ծրագրի պիլոտային փուլի շրջանակներում Ստեփանակերտի Թոմոյում կրթական ծրագրին մասնակցում են մոտակա զորամասերի շուրջ 150 ժամկետային զինծառայողներ: Նրանք հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում:

Թումոյի և ՊՆ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ընթանում է փետրվարից ի վեր, մեկնարկելով Դիլիջանի Թումո կենտրոնում, որտեղ զինվորները արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ինքնուսուցման առաջին փուլը և անցնում են առաջին մակարդակի իրենց դասընթացներին:

Ծրագրի մեկնարկը հայտարարեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի և ՀԲԸՄ ներկայացուցիչներ Լենա Բաղդասարյանի և Սասուն Բաղդասարյանի մասնակցությամբ։

Մարի Լու Փափազեանը ծանոթացրեց նախագահին և նախարարին Թումո Բանակ ծրագրի ընթացքի մանրամասներին և համաձայն ծրագիրը ընդլայնելու վերաբերյալ Վիգեն Սարգսյանի հետ անցկացրած քննարկումներին, առաջարկեց դրա իրականացման լուծումներ։

Այցի մասնակիցները ուսումնասիրեցին Ստեփանակերտի Թումոյի և Արցախի մշակույթի նախարարության համատեղ ծրագրի արդյունքում ստեղծված՝ Շուշիին նվիրված ինֆոգրաֆիկաները, որոնց դիզայնը արել են կենտրոնի ուսանողները լիբանանցի մասնագետ Ահմադ Էլ Ղարիբյեի վարած աշխատարանի ընթացքում։

Թումո Բանակ ծրագիրը հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք  կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, և թե՛ զորացրվելուց հետո։

Ծրագիրը կօգնի բացահայտել զինվորների ներուժը, ովքեր այլ դեպքում կարող էին չունենալ հնարավորություն սովորելու և հետազոտելու իրենց հետաքրքրությունները՝ ֆորմալ կրթական համակարգից դուրս։