Discovery Science-ը և Ucom-ը մրցույթ են հայտարարում երիտասարդ գիտնականների և նորարարների համար

Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքը՝ Հայաստանում խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին և պայքարելու գլխավոր մրցանակի համար, այն է՝ ճամփորդություն Ամստերդամ և այցելություն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:

Նիդերլանդներ կմեկնի այն մասնակիցն, ով «Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով են ապագայում մարդիկ հաղորդակցվելու» հարցին կտա ամենայուրօրինակ և հետաքրքիր պատասխանը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ [email protected] հասցեով:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր բարձր դասարանցիները: Պարզապես հարկավոր է լրացնել մասնակցության հայտը և ներկայացնել վառ գաղափարներ այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում:

Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտեր, յուրաքանչյուր խմբում՝ մինչև 4 մասնակից: Մասնակիցներն իրենց գաղափարները կարող են ներկայացնել հետևյալ որևէ ձևաչափով՝ տեսանյութ, եռաչափ (3D) մոդել, գծագիր, պրեզենտացիոն ֆայլ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Այլ սահմանափակումներ չեն կիրառվում:

Մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը և հանդես գալ ամենահամարձակ գաղափարներով, օրինակ՝ ապագայում մարդիկ հաղորդակցվելու են հեռուստացույցի միջոցով, որը կարողանում է բույրեր փոխանցել, կամ սարքերի միջոցով, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել մտքերի օգնությամբ: Այսպիսի ցանկացած գաղափար կարող է հաղթանակ բերել մասնակիցներին: Եթե անգամ այսօր այս գաղափարներն անհավանական են թվում, տարիներ անց դրանք կարող են շատ ավելի իրական լինել, քանի որ գիտությունը մշտապես զարգանում է:

«Գիտությունն ամենուր շրջապատում է մարդկանց. նույնիսկ ամենասովորական առարկաներն իրենց մեջ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ են պարունակում: Discovery Science-ը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս բացահայտել այդ գիտելիքները և այժմ նաև օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ գիտության ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք համարձակ գաղափարների և հույս ունենք, որ Discovery Science-ի հաղորդումները կոգեշնչեն մասնակիցներին և նրանց ավելի կմոտեցնեն հաղթանակին», – ասաց հյուսիս-արևելյան Եվրոպայում Discovery Networks-ի փոխնախագահ, տարածաշրջանային ղեկավար Աննա Պաքը:

«Ucom ընկերությունը մի շարք նախագծեր է իրականացնում Հայաստանում, օրինակ, ինժեներական մտքի զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ մեր երկրում ծնվել են այնպիսի ուղեղներ, ովքեր առաջ են անցել իրենց ժամանակից և իրենց պատկերացումներում կերտել են այս պահին գիտաֆանտաստիկ թվացող մի ապագա, որն ընդամենը մի քանի դար հետո կդառնա իրականություն», – նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: