«Ռոստելեկոմն» իրագործեց Գորիսում համայնքի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման նախագիծը

«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերն ընդգրկում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտը, այլև ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով համայնքների զարգացմանն ու ընդլայնմանը։

Այս ուղղությամբ իրականացվող նախագծերից մեկը Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ ծրագիրն է՝ ուղղված երկու սոցիալական ձեռնարկություններում՝ «Գարիս Քրոշե» (ձեռագործ խաղալիքների արտադրություն) և «Բրդից Կարպետ» (բրդի մշակումից մինչև բնական թելերի ստացում, գործվածքների, գորգերի արտադրություն)   կանանց զբաղվածության ապահովմանը։

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել համայնքի անապահով, հաշմանդամ, բազմազավակ և միայնակ 30 կանանց՝ ապրիլից նոյեմբեր ամիսներին կայուն աշխատավարձով  զբաղվածության ապահովման նպատակով։

Բացի այդ Գորիս քաղաքի հարակից Շինուհայր համայնքի շուրջ երկու տասնյակ դպրոցահասակ աշակերտների համար կազմակերպվելու են արհեստագործական դասընթացներ (կարպետագործության, հելյունագործության, գործվածքների) հետագայում տարածաշրջանի ավանդական արհեստների կիրառման նպատակով։

«Սյունիքի «Կանանց զարգացման» ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությունը շատ կարևոր քայլ է «Ռոստելեկոմի» համար, քանի որ դրանով իսկ մենք ոչ միայն հիմքեր ենք ստեղծում տարածաշրջանում ավանդական արհեստների պահպանման ու զարգացման համար, այլև նպաստում ենք նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու ապահովում համայնքի կանանց զբաղվածությունը։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում է նաև աշակերտական տարիքի երեխաների ընդգրկումը ծրագրում, ինչը հետագայում կլուծի երեխաների մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության խնդիրը»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը հիմնադրվել է 2014թ-ին և առաքելությունն է բարձրացնել կանանց դերն ու մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում ինչպես տեղի համայնքի, այնպես էլ ազգային մակարդակով։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը վերջին տարիներին բավական լայն տարածում է ստացել և մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում համայնքի ու տարածաշրջանի կանանց այս ձեռնարկներում ընդգրկելու ուղղությամբ։ Շնորհիվ մեր գործընկերոջ՝ «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորչության մեն կարողացանք բավական ռեսուրսներ ներգրավել, ինչն իր հերթին հնարավորություն կտա առաջիկա ամիսներին կանանց ապահովելու աշխատանքով»,—նշեց Կանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմինե Հովակիմյանը։

Սյունիքը Հայաստանի հարավային մարզերից է, ունի աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, ընդ որում գործազուրկների շուրջ 70%-ը կանայք են։ Ռեսուրս կենտրոնի շնորհիվ համայնքի կանայք հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտություններն ու ձեռագործ աշխատանքների շնորհիվ ապահովելու սեփական ընտանիքը կենսամիջոցներով։

«Մեր արտադրամասերից մեկում ստեղծել ենք ամեն պայման բրդից մինչև կարպետների, հուշանվերների արտադրության շղթայի համար։ Այս արտադրամասը հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծելու Շինուհայր համայնքի կանանց համար, ովքեր չհեռանալով իրենց բնակավայրից ապահովվում են աշխատանքով։ Կցանկանայի նշել նաև, որ բրդից մինչև կարպետ արտադրական ողջ գործընթացը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար և մենք միաժամանակ մշակում ենք փաթեթներ տարածաշրջանում զբոսաշրջության ակտիվացման համար»,—հավելեց Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։