Google I/O 2017. Ի՞նչ ներկայացրեց Google-ը

Կայացել է Google I/O  ամենամյա կոնֆերանսը: Ներկայացնում ենք Տեխնոհսկայի կարևորագույն նորամուծությունները: Նոր Android, Google Lens՝ օբյեկտների նույնականացման ծառայություն, Google Assistant iPhone-ի համար և այլն:

Նախ անդրադառնանք ընկերության ներկայացրած վիճակագրությանը. Google Drive-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է  800 միլիոնի, Google Photos-ինը՝ 500 մլն., որտեղ օրական բեռնվում է մոտ 1.2 միլիարդ նկար: Ամնատպավորիչը՝ 2 միլիարդ մարդ օգտագործում է Android համակարգով սարքավորումներ: 

Gmail-ում Smart Reply

Gmail-ի հավելվածում Android և iOS օգտատերերի համար կավելանա Smart Reply ֆունկցիան: Արհեստական ինտելեկտը կվերլուծի տեքստը և կառաջարկի հնարավոր պատասխանների մի քանի տարբերակ: Սկզբում այն կաշխատի իհարկե միայն անգլերեն լեզվով, մի քանի շաբաթվա ընթացքում ֆունկցիան կավելանա նաև իսպաներենի համար: Այլ լեզուների մասին դեռ չի հաղորդվում:

Google Lens

Lens տեխնոլոգիան ճանաչում է նկարների բովանդակությունը: Այն կարող է նկարում տարբերել ոչ միայն ծաղիկը, հեծանիվը այլ նաև տեքստային ինֆորմացիան: Օրինակ՝  Wi-Fi-ի լոգինն ու գաղտնաբառը կարող է կարդալ թղթից, ավելին՝ սմարթֆոնը կհասկանա, որ դա պարզապես տեքստ չէ և ավտոմատ կերպով կմիանա Wi-Fi կապին:

Ինչպես նաև, GPS-ի հետ կապելով, այն տեղեկատվություն կհաղորդի վայրերի և հաստատությունների մասին: Օրինակ՝ տեսախցիկը պահելով որևէ սրճարանի վրա, անմիջապես կտեղեկանաք տվյալ վայրի վերաբերյալ կարծիքների և արձագանքների մասին: Նույն կերպով էլ Lens-ը կաշխատի Google Photos հավելվածի նկարների հետ:

Լուսանկանրերից ավելորդ օբյեկտների հեռացում

Google-ը ստեղծել է ալգորիթմ, որը աննկատ լուսանկարներից հեռացնում է անպետք օբյեկտները: Ի դեպ, նկարներում փոփոխությունները կարող են լինել կարդինալ:

Google Assistant

Google Assistant վիրտուալ օգնականի հետ այսուհետև կարելի է ոչ միայն խոսել, այլ նաև հաղորդակցվել հաղորդագրություններով:

Այլ հավելվածներն ու գնումները Google Assistant-ում

Օգտատերեը վիրտուալ օգնականի միջոցով կարող են օգտվել կոմնակի հավելվածներից, այդպես պատվիրել պիցցա ռեստորանից: Ծրագրավորողները պետք է պարզապես այդ ֆունկցիան ներդնեն իրենց մշակած հավելվածներում:

Google Assistant-ը iOS համակարգում

Siri-ն ձեռք կբերի լուրջ մրցակից: Google-ը հայտարարեց, որ Assistant-ը կհայտնվի նաև  Apple-ի սարքավորումներում: Իհարկե սահմանափակ հնարավորություններով, այն չի գործի այնպես ինչպես Android-ում: Օրինակ՝ հնարավոր չի լինի ձայնային հրահանգով զարթուցիչի կարգավորումներ անել:

Google Home

Google Home-ը նույնպես համալրվել է նոր ֆունկցիաներով: Այժմ այն կարող է նաև զանգեր կատարել: ԱՄՆ-ում և Կանադայում զանգերը կլինեն անվճար: Google Home-ում կհայտնվի հիշեցումների ֆունկցիան: Սարքը կթարթի Led լույսեր, օգտատերը պետք է հարցնի «What’s up?» և նոր միայն այն կհաղորդի պլանավորված գործողությունների, սպասվող իրադարձությունների և նշումների բոլոր ծանուցումները և հիշեցումները:

Android O

Android O-ն նույնպես կատարելագործվել է և նոր գործառույթներ ստացել: YouTube-ի տեսանյութերը հնարավոր է շարունակել դիտել և միաժամանակ էլ այլ գործողություններ կատարել սմարթֆոնով: Դիտումը չի ընդհատվի, այլ կշարունակվի էկրանի անկյունում:

Notification Dots. սա էլ հավելվածների ծանուցումների նոր ձև է, այն բացվում է հավելվածի պատկերակի վրա երկար սեղմելով:

Smart Text Selection-ը ճանաչում է տեքստերի այն հատվածները, որոնք օգտատերերը ամենահաճախն են copy անում՝ հասցեները, կազմակերպությունների անունները, հեռախոսահամարները և այլն: Երբ սկսեք նշել տողերը, համակարգը ավտոմատ կերպով կառաջակի առանձնացնել և պատճենել նմանատիպ տեքստերն ամբողջությամբ:

Android O-ն ավելի է արագացել, բայց ըստ էության «հեղափոխական» նորամուծություններ չկան, այն խիստ տարբերություններ չունի Android Nougat-ից: Android O-ի բետա տարբերակն արդեն հասանելի է:

Android Go

Google-ը օպտիմիզացրել է Android-ը թույլ սարքավորումների համար, որոնք զարգացող երկրներում ունեն մեծ տարածում: Android Go -ն Android O-ի ավելի թեթև տարբերակն է: Ընդգրկված են ավելի քիչ ռեսուրսատար Google ծառայություններ, Google Play-ի հավելվածներ,  որոնք կարող են աշխատել 1 ԳԲ օպերացիոն հիշողությամբ սարքավորումների հետ: